211652_close_icon
views-count26505 դիտում article-date 17:48 10-10-2018

Ես և Արամ Հովհաննիսյանը որպես առաջնահերթ դրույթ ամրագրեցինք ազատ, թափանցիկ և արդար ընտրությունների անցկացման առաջնահերթությունը՝ բոլոր կողմերի համար ստեղծված հավասար պայմաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզի 5 համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ այսօր իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում առաջադրված թեկնածուների հետ, որին ներկա էր նաև ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում մատնանշել եմ հիմնական այն սկզբունքները, որոնցով պետք է գործեն առաջադրված թեկնածուները, տարածքային կառավարման և իրավապահ մարմինները: Ընտրությունները պետք է անցկացվեն օրինականության սահմաններում՝ բարոյականության ու համակեցության բոլոր նորմերի պահպանմամբ: Հանրությունը պետք է տեսնի, որ մենք ունենք նոր իրողություն, որ ինքն ազատ է կատարել իր ընտրությունը՝ հիմքում ունենալով քաղաքական ու ծրագրային դրույթներ և ոչ մի լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր: Բոլորս պիտի գիտակցենք, որ ցանկացած պաշտոն մեզ պետք է բացառապես հանրային շահը սպասարկելու և մեր երկրում զարգացման նոր առաջնահերթություններ ապահովելու համար: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը փաստեց, որ աշխատանքային մոտ 30 տարիների ընթացքում ոստիկանությանը երբեք այնքան հզոր ու ուժեղ չի տեսել, որքան այսօր է: Այն ուժեղ է, քանի որ գործում է միայն ու միայն օրենքի սահմաններում: Չկան պահանջներ, չկան հանձնարարականներ և սուբյեկտիվ որոշումներ: Նա պատրաստակամություն հայտնեց լինել ցանկացած թեկնածուի կողքին, ով որևէ հարցում կբախվի անօրինականության դրսևորման և թեկնածուներին ու նրանց աջակիցներին հորդորեց լինել զգոն, քանի որ այսօրվանից ևեթ ոստիկանությունն իր դիրքերում է, և ամենաչնչին խախտումն իսկ օրենքի սահմաններում ընթացք է ստանալու: Ես և Արամ Հովհաննիսյանը որպես առաջնահերթ դրույթ ամրագրեցինք ազատ, թափանցիկ և արդար ընտրությունների անցկացման առաջնահերթությունը՝ բոլոր կողմերի համար ստեղծված հավասար պայմաններում: Մենք կարող ենք ունենալ նախադեպ, երբ համայնքի ղեկավար չընտրված թեկնածուի ծրագրային լավագույն դրույթները կիրագործվեն ընտրված թեկնածուի կողմից: Սա կլինի բոլորի ազնիվ նպատակների ու հանրային շահի գերակայությամբ մրցապայքար ունենալու լավագույն ցուցիչը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր