211652_close_icon
views-count1296 դիտում article-date 13:24 10-10-2018

Արա Բաբլոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Երեւանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր ՖԽՎ խորհրդարանական գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Կրաբալը: Հանդիպման մասնակիցների թվում էին նաեւ Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Դիդիե Դերեբերան եւ Քրիստիան Լըվրան ու Ռումինիայի պատգամավորների պալատի անդամ Սորին Նիհայ Սիմպեանուն, ով Ֆրանկոֆոնիայի համալսարանական ասոցիացիայի նախագահն է: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, կարեորել է նրանց այցը Երեւան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանկոֆոնիան այսօր դարձել է մեր կյանքի մի մասը: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանն ու ՀՀ Ազգային ժողովը կարեւոր դեր են ստանձնել Ֆրանկոֆոն արժեքների տարածման գործում. համապատասխանաբար Հայաստանը 2012թ. եւ ՀՀ Ազգային ժողովը 2014 թ. ստացել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ խորհրդարանական վեհաժողովի մշտական անդամի նոր կարգավիճակ: «Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը մեր երկրում, որն աննախադեպ միջազգային իրադարձություն է, Ֆրանկոֆոնիային մեր նվիրվածության եւս մեկ նշան է: Այն կնպաստի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի ազդեցության ընդլայնմանը՝ համերաշխության, ժողովուրդների հավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, մշակութային բազմազանության եւ այլ արժեքների ու սկզբունքների օգտին, ինչը մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի այլ անդամների հետ»,-ասել է Արա Բաբլոյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ գագաթաժողովը կլինի Հայաստանում երբեւէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը եւ կնպաստի մեր երկրի հարաբերությունների ամրապնդմանը Ֆրանկոֆոնիայի անդամ մյուս պետությունների հետ: Նա փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը ողջ ուժերը կենտրոնացրել է գագաթաժողովի հաջողությունն ապահովելու եւ Ֆրանկոֆոնիային գեղեցիկ տոն պարգեւելու համար: Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ այս տոնին տխրություն հաղորդեց գագաթաժողովի նախօրեին Շառլ Ազնավուրի մահվան բոթը: «Շանսոնյեի մահը մեծ կորուստ էր ոչ միայն հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համար, այլ ամբողջ Ֆրանկոֆոնիայի համար: Ոգեշնչվելով իր արմատներով՝ Ազնավուրը ֆրանսերենի դեսպանն էր, նա ֆրանկոֆոնիայի, դրա արժեքների մարմնավորումն էր»,-ընդգծել է Արա Բաբլոյանը: Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ ֆրանսերենն այն հիմքն է, որը միավորում է Ֆրանկոֆոն երկրներին եւ որի միջոցով ժողովուրդները կարող են կիսել իրենց գաղափարները, համոզմունքներն ու ապագա ծրագրերը: Հանդիպումից հետո ի պատիվ Ֆրանկոֆոն խորհրդարանականների՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Նմանատիպ նյութեր