211652_close_icon
views-count2168 դիտում article-date 14:08 10-10-2018

ՀՀ Առողջապահության փոխնախարարը Լոնդոնում մասնակցում է հոգեկան առողջության նախարարական համաշխարհային գագաթնաժողովին

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հոկտեմբերի 9-10-ը Լոնդոնում մասնակցում է Հոգեկան առողջության նախարարական համաշխարհային գագաթնաժողովին, որը կազմակերպվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության համատեղ ջանքերով: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, գագաթնաժողովին մասնակցում են առողջապահության բնագավառում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, համաշխարհային առաջատար փորձագետներ: Քննարկման օրակարգում են հոգեկան հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանն ուղղված հարցեր, Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հոգեկան առողջության 2013-2020թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Ակնկալվում է, որ բարձրաստիճան այս գագաթնաժողովը հարթակ կդառնա` համատեղելու երկրների ջանքերը` ուղղված բարելավելու բնակչության հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը, ինչպես նաև կանխարգելելու հոգեկան հիվանդությունները: Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու է «21-րդ դարում հոգեկան առողջության հավասար իրավունքների վերաբերյալ» հայտարարության ստորագրման հարցը: Հոգեկան առողջության ամրապնդումը, հոգեկան խանգարումների կանխարգելումը, հոգեկան խանգարում ունեցող անձանց բուժումն ու վերականգնումը, հոգեկան լիակատար բարեկեցության վիճակի ապահովումը Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից է, ուստի մեծապես կարևորվում է այլ երկրների հետ արդյունավետ համագործակցությունը` նշված ուղղությամբ ծագող խնդիրները միասնական կանխարգելելու և դրանց լուծում տալու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր