211652_close_icon
views-count3161 դիտում article-date 16:50 10-10-2018

Աարոն Կոպլենդի ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 9-ի համերգին ներկայացրեց կոմպոզիտոր Աարոն Կոպլենդի երկու ստեղծագործություններ, որոնք Հայաստանում հնչում էին առաջին անգամ: Համերգային երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկավ ճանաչված կլարնետահար Գերվասիո Տարագոնա Վալիի հետ (Ուրուգվայ): Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հայ ունկնդրին ներկայացրեց Կոպլենդի «Ապալաչյան գարուն» սյուիտը և Կոնցերտը կլարնետի և լարային նվագախմբի համար (հայաստանյան պրեմիերա) , ինչպես նաև Ռիխարդ Շտրաուսի Դուետ- կոնցերտը կլարնետի, ֆագոտի, տավիղի և լարային նվագախմբի համար, Ռաուլ Խաուրենայի «Պիացոլայի հիշատակին» ստեղծագործությունները: Երեկոյին որպես մենակատարներ հանդես եկան նաև Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ) և Ավետիք Ղազարյանը (կլարնետ): Գերվասիո Տարագոնա Վալին առանձնահատուկ շեշտում է՝ հայ ունկնդիրը բացառիկ ջերմ է: Փաստի վկայությունն այն է, որ նրան համերգի ավարտին առանց «բիս»-ի բաց չթողեցին: «Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, մարդիկ շատ ջերմ են և հյուրընկալ: Հիանալի հանդիսատես ունեք»,-նշում է երաժիշտը: Հավելենք, որ որպես մենակատար Գերվասիո Տարագոնա Վալին առաջին անգամ հանդես է եկել 19 տարեկանում՝ Ուրուգվայի ազգային նվագախմբի հետ կատարելով Կոպլենդի Կլարնետի կոնցերտը: Այնուհետև որպես մենակատար ելույթ է ունեցել Ուրուգվայի, Արգենտինայի, Վենեսուելայի առաջատար նվագախմբերի հետ՝ աշխատելով հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ: 2008-ին հիմնադրել է Montevideo International Clarinet Meeting միջազգային փառատոնը: Փառատոը երեք տարվա ընթացքում հյուրընկալել է աշխարհի ճանաչված կլարնետահարներին և այլ երաժիշտների:

Նմանատիպ նյութեր