211652_close_icon
views-count4855 դիտում article-date 10:54 10-10-2018

Մեղադրել գործարարին, որ նա հոգ է տանում իր բիզնեսի մասին՝ հարմարվելով ցանկացած իշխանության, արդարացի չէ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Միանգամայն սպասելի էր, որ ԲՀԿ-ն, ինչպես նաև ՀՀԿ-ի մեկուկես տասնյակից ավելի պատգամավորներ (հիմնականում՝ գործարարներ) հավատարմության երդում տվեցին նոր իշխանությանը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այն, ինչ առաջներում մենք՝ լրագրողներս, կոչում էինք «առնետավազք», հիմա կրում են ավելի մեղմ, կասեի անգամ՝ ավելի վսեմ անուններ՝ ապաշխարել են, դարձի են եկել, Աստծո լույսն է նրանց վրա սփռվել, հասկացել են, որ իշխանության կրողը ժողովուրդն է: Ճիշտն ասած, «առնետավազքն» էլ է, ըստ իս, վիրավորական, «դարձի գալն» էլ՝ երկրորդ դեպքում, կարծես, մարդկանց ծաղրեն: Իրականում գործարարները, որոնք մտել են քաղաքականություն, ունեն իրենց հստակ շահերը: Չկա ԲՀԿ, կա բիզնեսմեն Գագիկ Ծառուկյան, որը, ելնելով ինչ-ինչ հաշվարկներից, «կուսակցություն է պահում» (սկզբնական շրջանում դա արվում էր Ռոբերտ Քոչարյանի «հորդորով»): Չկա ՀՀԿ, կան մի շարք գործարարներ, որոնք «կուսակցություն էին պահում» Սերժ Սարգսյանի «հորդորով»: Եթե Սերժ Սարգսյանն այլևս առաջին դեմք չէ, ինչո՞ւ պիտի պահեն: Պարզ է, որ այդ մարդիկ չեն հակադրվի որևէ իշխանության: Հակադրվելու դեպքում՝ եթե այլ բան չլինի, կգան հարկայինը կամ ԱԱԾ-ն ու «կպառկացնեն ասֆալտին»: Կանեն այն, ինչ 2008 թվականին արել են Խաչատուր Սուքիասյանի, 2015-ին` նույն Գագիկ Ծառուկյանի, իսկ հիմա՝ Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և մյուսների հետ: Մեղադրել գործարարներին, որ նրանք հոգ են տանում իրենց բիզնեսի մասին՝ հարմարվելով ցանկացած իշխանության, արդարացի չէ: Ուրիշ հարց, որ նրանք ընդհանրապես պետք է գործ չունենան քաղաքականության, պատգամավորական մանդատների և խորհրդարանի հետ: Եվ այստեղ կա, կարծում եմ, հիմնարար տարբերություն անցյալի և ներկայի միջև՝ հօգուտ ներկայի: Ներկայիս իշխանությունը որևէ կապ չունի այդ գործարարների հետ և որևէ շահագրգռվածություն չունի, որ նրանք հայտնվեն խորհրդարանում: Դա լավատեսություն է ներշնչում այն առումով, որ բիզնեսմեններն այլևս անհրաժեշտություն չզգան «կուսակցություններ բացելու», «պահելու», ինչպես նաև խորհրդարան մուտք գործելու: Դա, վերջապես, կտարանջատի բիզնեսը և քաղաքականությունը, բիզնեսը և պետական համակարգը, և գործարարները կզբաղվեն իրենց գործով: Հայտարարվել է, որ նրանց տվել են երաշխիքներ և ազատել են կոռուպցիոն պարտավորություններից: Ներդրումնե՞ր ես բերում՝ շատ լավ ես անում, քո բիզնեսի համար ես անում: Բարեգո՞րծ ես՝ շատ ապրես, շարունակիր քո բարեգործությունները: Ազգային ժողովը թող քաղաքական գործիչներին»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։ [/b]

Նմանատիպ նյութեր