211652_close_icon
views-count4655 դիտում article-date 09:10 10-10-2018

Միջազգային կառույցները Հայաստանում 6% տնտեսական աճ են կանխատեսում․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանի տնտեսությունը 2018-ին աճելու է 6 տոկոսով: Աճի նման տեմպեր կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը: Երեքշաբթի հրապարակված համաշխարհային տնտեսական զարգացման զեկույցում նշված է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջատար է թե՛ տնտեսական աճի սպասվող տեմպերով և թե՛ բարձր գործազրկությամբ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4606444.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ 2018-ին հարևան Վրաստանում նախատեսվում է 5.5 իսկ Ադրբեջանում և Ռուսաստանում երկու տոկոսից ցածր տնտեսական աճ: 2019-ին Հայաստանի տնտեսական աճը կարող է փոքր-ինչ նվազել, հասնելով 4.8 տոկոսի: Միևնույն ժամանակ, գնաճը Հայաստանում 2018-ին կազմելու է 3 իսկ 2019-ին 4.4 տոկոս: Գործազրկությունը Հայաստանում մնալու է 18 տոկոսից բարձր, մինչդեռ Ադրբեջանում ու Ռուսաստանում այն կկազմի 5 տոկոս, կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը: Ներկայացնելով զեկույցը, կազմակերպության ղեկավար Քրիստին Լագարդն ընդգծում է, որ տնտեսական զարգացմանն աշխարհում խոչընդոտում են առևտրային պատերազմները. «Միշտ ասել ենք՝ առևտրային սակագները տնտեսական աճը խոչընդոտող հանգամանք են: Հույս ունենք՝ բոլոր խաղացողները սեղանի շուրջ կհավաքվեն և կբարելավեն առևտրի պայմանները»,- նշում է Լագարդը: Դանդաղ տնտեսական աճի պատճառներից է Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային պատերազմը, որի հետևանքով ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական աճը 2019-ին դանդաղելու է 0.2 տոկոսով, իսկ համաշխարհային տնտեսական աճի մակարդակը կազմելու է 3.7 տոկոս: Փորձագետների խոսքով սակայն, ընդհանուր բարենպաստ տնտեսական պայմաններում, առևտրային պատերազմները ներդրողներին լուրջ անհանգստություն չեն պատճառում: «Նույնիսկ սուր առևտրային պատերազմի դեպքում կանխատեսվում է, որ գլոբալ տնտեսության աճը մնալու է 3 տոկոսի սահմաններում: Ուստի, մեզ Դոնալդ Թրամփի գործողությունները Չինաստանի նկատմամբ չեն անհանգստացնում, չնայած, որ վատ չէր լինի խնդրի լուծում գտնվեր», - նշում է CHARLES STANLEY-ի վերլուծաբան Գարրի Ուայթը: Նախագահ Թրամփը ԱՄՆ ներմուծվող չինական արտադրության մի շարք ապրանքների նկատմամբ սակագներ է սահմանել, որի նպատակն է պաշտպանել և խթանել ամերիկյան արտադրությունը:

Նմանատիպ նյութեր