211652_close_icon
views-count1528 դիտում article-date 13:30 09-10-2018

Հոբելյանական նիստ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում` նվիրված ՀՀ ԳԱԱ և լեզվի ինստիտուտի 75-ամյակին

ՀՀ գիտու­թյունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նշում է իր հիմնադրման և ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակը` ակադեմիայի, Լեզվի ինստիտուտի հիմնադրման ակունքներում կանգնած հայերենագիտության երախտավորներին նվիրված միջոցառումներով: Հոկտեմբերի 5-ին ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանին: Իր ողջույնի խոսքում Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը իր հիմնադրման օրվանից շարունակել է հայ լեզվաբանական մտքի զարգացման նախորդ փուլերի ավանդները, գիտական գործակցություն է ծավալում ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրյա հայերենագիտական կենտրոնների հետ և, առաջ մղելով գիտական միտքը, դարձել է նոր շրջանի հայերենագիտության կարևորագույն կենտրոնը: Բարձր գնահատելով հաստատության ավանդը հայերենագիտության զարգացման գործում և շնորհավորելով լեզվի ինստիտուտի աշխատակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասաց. «Հպարտությամբ պետք է փաստել, որ ինստիտուտում իրենց կոթողային աշխատանքներն են ստեղծել այնպիսի հզոր հայագետներ, ինչպիսիք են` Հրաչյա Աճառյանը, Արարատ Ղարիբյանը, Գրիգոր Ղափանցյանը, Գևորգ Ջահուկյանը և ուրիշներ, իսկ լեզվաբանների հետագա սերունդները նրանց ժառանգության արժանի շարունակողներն են եղել»: Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ընդգծեց Լեզվի ինստիտուտի գիտնականների դերը հայերենագիտության զարգացման, լեզվի անաղարտության պահպանման, արևմտահայերենի ուսումնասիրության գործում: Հայկական հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանն անդրադարձավ Հրաչյա Աճառյանի և Հովհաննես Թումանյանի նամակագրությանը՝ ներկայացնելով երկու մեծերի մտահոգության առարկա դարձած խնդիրները կրթության, գրական լեզվի ու բարբառների գործառության վերաբերյալ: Հրաչյա Աճառյանի կյանքը և գիտական գործունեությունը ներկայացրեց ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գայանե Մխիթարյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ Աճառյանի հիմնարար աշխատություններին՝ նշելով, որ հայագիտության և լեզուների համեմատական քննության բազմազան ոլորտներում դրանք ելակետ և ուղենիշ են եղել հայ լեզվաբանների ու բանասերների մի շարք սերունդների համար ու դեռ երկար պահպանելու են իրենց գիտական մեծ արժեքը։ Նիստը նշանավորվեց Հրաչյա Աճառյանի կնոջ` Սոֆյա Աճառյանի «Իմ հուշերը Աճառյանի մասին» գրքի շնորհանդեսով:

Նմանատիպ նյութեր