211652_close_icon
views-count22967 դիտում article-date 10:49 09-10-2018

«Ատելության խոսքը» ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը որոշել է անարձագանք չթողնել համացանցում տեղ գտած հայհոյանքները և այդ երևույթին իրավական ընթացք տալ: Ինչ խոսք, ինքնին երևույթը գարշելի է՝ մարդիկ, հավանաբար, իրենց անձը կարևորելու, այս կյանքում ինքնահաստատվելու և իրենց «ժողովրդի մասնիկ» զգալու նպատակով անպատկառ բառեր են գրում ֆեյսբուքյան կամ յութուբյան մեկնաբանություններում: Ցավալին այն է, որ դա չի դատապարտվում և անգամ խրախուսվում է իրավապաշտպան, այդ թվում՝ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից՝ «դե ինչ անենք՝ ժողովրդի ձայնն է»: Ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում մեր հ/կ-ներից շատերն առաջնորդվում են ոչ թե իրենց կանոնադրություններով և հայտարարագրված սկզբունքներով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, ինչն անխուսափելիորեն բերում է երկակի ստանդարտների: Տեխնիկական առումով, սակայն, խնդիրը, գոնե ինձ համար, այնքան էլ պարզ չէ: Ամեն օր Aravot.am կայքում հրապարակվում է 100-200 նյութ, որոնցից, ենթադրենք, 5-10-ը այսպես թե այնպես վերաբերում է ՀՀԿ-ին կամ ՀՀԿ-ականներին: Այդ 5-10 նյութերի տակ գրվում է 50-300 մեկնաբանություն, որոնց 90 տոկոսը հայհոյանքներ են: (Թիրախների շարքին կարող են ավելանալ նաև դաշնակցականները՝ կախված նրանից, իրենց «խելոք կպահեն», թե չէ. եթե վարչապետը կրկին պնդի, որ նրանք հակահեղափոխական են, և նրանց տեղն աղբանոցում է՝ որոշ նյութերի տակ ևս կհայտնվեն մի քանի տասնյակ հայհոյանքներ): Ֆեյսբուքյան էջում այդ հարյուրավոր հայհոյանքները ջնջելն ինքնին տիտանական աշխատանք է: Բայց ենթադրենք, դա հաջողվում է անել: Բայց ջնջելը «մեկանգամյա ակցիա» չէ: «Ժողովրդի ներկայացուցիչները» կարող են շարունակել հայհոյանքներ գրել նյութի հայտնվելուց հետո օրեր և նույնիսկ շաբաթներ անց: Հետևաբար այդ նյութերին պետք է կրկին ու կրկին անդրադառնալ: Ավելին՝ ենթադրենք, նույն Արփինե Հովհաննիսյանը (որին, ի դեպ, անկախ նրա քաղաքական թիմի բազմաթիվ մեղքերից՝ ես անձնապես հարգում եմ) երեկոյան ժամը 22-ին զանգահարում է խմբագրություն և խնդրում իր հասցեին գրված հայհոյանքները ջնջել: Մենք դա անում ենք, բայց մինչև հաջորդ առավոտ ևս մի 20 «պայքարող տեսակ» գրում է իր հայհոյական «արժեքավոր» մտքերը: Հաջորդ օրն առավոտյան հիմքեր կա՞ն մեզ դատի տալու: Դրա համար է ինձ թվում, որ գրված օրենքների կողքին պետք է գործեն չգրվածները: Այսինքն՝ հասարակությունը պետք է այսպես թե այնպես ինքնակարգավորվի: Նախ՝ վարչապետը պետք է հրապարակավ և շատ խիստ դատապարտի «ատելության խոսքը», քանի որ նման խոսքը ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական: Երկրորդ՝ մենք բոլորս՝ գրողներս, խոսողներս, ներառյալ հ/կ-ները, պետք է խիստ սահմանազատենք Մարդուն նրա և առավել ևս՝ նրա կուսակցության կատարած հանցանքներից: Անհանդուրժելի է հանցանքը, իսկ Մարդու անձնական արժանապատվությունը մշտապես հարգանքի է արժանի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր