211652_close_icon
views-count1423 դիտում article-date 23:03 08-10-2018

Եզրափակվեց «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կայացավ ս. թ. հոկտեմբերի 6-ին, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում։ Մրցույթի մարզային փուլին մասնակցեցին 200-ից ավել աշակերտներ, որոնցից 28-ը ընտրվել էին եզրափակիչ փուլին մասնակցելու համար: Տարբեր տարիքի մասնակիցները հատվածներ ներկայացրեցին ազգային էպոսից։ Առաջին 3 մրցանակները շնորհվեցին ՀՀ Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի տաղանդավոր էպոսասացներին, խրախուսական մրցանակները՝ ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Կոտայքի և Արագածոտնի 7 մասնակիցներին և պատվոգրեր` բոլորին։ Առաջին մրցանակի արժանացավ 14-ամյա Միլենա Մանասյանը` ՀՀ Կոտայքի մարզից, ում ելույթն աչքի ընկավ էպոսասացության առանձնահատուկ կատարողական ձիրքով ու անմիջականությամբ։ Երկրորդ և երրորդ մրցանակները շնորհվեցին 8-ամյա Կորյուն Մարգարյանին՝ Արագածոտնից և 12-ամյա Մանե Ղումաշյանին՝ Շիրակից: «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի իրականացումը նշանակալի իրադարձություն է հանրապետության մշակութային կյանքում: Այն նպաստում է ոչ միայն էպոսի, կատարողական ավանդույթների պահպանմանը, այլև կենսունակության ապահովմանը, սերնդեսերունդ փոխանցմանը, ինչպես նաև մարզային մշակութային կյանքի աշխուժացմանն ու հանրության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր