211652_close_icon
views-count2482 դիտում article-date 20:20 08-10-2018

Ռիչարդ Միլսը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Նիկոլ Փաշինյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռիչարդ Միլսին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: «Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում շարունակաբար զարգացել են և խորացել: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թավշյա հեղափոխության ժամանակ Ձեր հավասարակշռված դիրքորոշման համար: Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր են Հայաստանի համար, և համոզված եմ, որ այսուհետ ևս հայ-ամերիկյան բարեկամական կապերը կշարունակեն ընդլայնվել», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հաջողություններ մաղթելով Ռիչարդ Միլսին հետագա գործունեության մեջ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: «Որպես Միացյալ Նահանգների դեսպան՝ իմ պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավարտին, և ես հպարտությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների շարունակաբար զարգացող կապերը բազմաթիվ ոլորտներում՝ բիզնեսից մինչև պետական կառավարում և քաղհասարակություն: Վստահ եմ՝ այս կապերն էլ ավելի կամրապնդվեն առաջիկա տարիներին: Այժմ, երբ կառավարությունն ու հայ ժողովուրդը նավարկում են Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակաշրջանում, ես լավագույնն եմ մաղթում Ձեզ, պարոն վարչապետ», - նշել է Ռիչարդ Միլսը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի, ընթացիկ ծրագրերի և հետագա զարգացման հեռանկարների շուրջ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և զարգացումներին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի թափանցիկության բարձրացման ճանապարհով: Դեսպան Միլսը ողջունել է կառավարության քայլերն ու բարեփոխումներն այս ուղղություններով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր