211652_close_icon
views-count1286 դիտում article-date 16:00 08-10-2018

Օրինագծով առաջարկում եմ, որ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ պաշտոնյաների օգտվելու կարգը սահմանի կառավարությունը. Ա. Աշոտյան

Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության և զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը և հասարակական քննարկումներն այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործման շուրջ՝ նպատակահարմար ենք համարում ապահովել թափանցիկություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այս ծախսերի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Այս կապակցությամբ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ և 67-րդ հոդվածներով, նախաձեռնել եմ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի շրջանառությունը: Օրենքի նախագծով առաջարկում եմ, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը: Նաև առաջարկում եմ, որ այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում: Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի և պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին»,-գրել է Արմեն Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր