211652_close_icon
views-count1349 դիտում article-date 16:16 08-10-2018

«ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխության ընդունումը ցույց տվեց, որ հանրության և խորհրդարանի միջև խզումը կարող է ամեն պահի պայթել. «Ելք»-ի պատգամավոր

«ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխության օրինագծի ընդունումը, դեպքերի զարգացման տրամաբանությունը ցույց են տալիս, որ հանրության և խորհրդարանի միջև խզումը շատ զգայուն է, և այն կարող է ամեն պահի պայթել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցում: «Հոկտեմբերի 2-ի նախագիծն ինքնին, դեպքերի զարգացման տրամաբանությունը ցույց են տալիս, որ հանրության և խորհրդարանի միջև խզումն այնքան զգայուն է, որ ցանկացած նման իրավիճակներում կարող է պայթել: Մյուս կողմից ակնհայտ է, որ այս նախագիծը բերվեց շատ հապճեպ, այն ոչ թափանցիկ էր թե խորհրդարանական մյուս խմբակցությունների, թե մամուլի հանդեպ: Միայն նախորդ օրը պետաիրավական հանձնաժողովում էր քննարկվել, կառավարության ներկայացուցիչը ևս չէր հասցրել դիտարկումները պատշաճ ներկայացնել»,-ասաց Կոնջորյանը: Նրա կարծիքով՝ դա նշանակում է, որ ԱԺ-ում ստվերային իշխանություն կա: Եվ այդ ստվերային իշխանությունը բերում է ստվերային օրենքների փաթեթներ, որոնք թափանցիկ չեն հանրության համար և խորացնում են քաղաքական ճգնաժամը: Կոնջորյանի կարծիքով՝ նաև դրանից ելնելով շատ կարևոր է, որ հնարավորինս շուտ լինեն խորհրդարանական ընտրությունները: Հոկտեմբերի երկուսի երեկոյան ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության կողմից հրավիրված արտահերթ նիստում ՀՅԴ, ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին և ընդունեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: «Ելք»-ը դրան դեմ էր արտահայտվել` որակելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ձախողելու փորձ: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հազարավոր մարդկանց հետ հանրահավաք անցկացրեց, հետո վարչապետը հանդիպում ունեցավ խմբակցությունների ներկայացուցիչների հետ ԱԺ-ում: Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպմանը առաջարկել էր ստորագրել հուշագիր, որ իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի:

Նմանատիպ նյութեր