211652_close_icon
views-count8189 դիտում article-date 13:03 08-10-2018

ԲԿ-ներում տեղադրվում են տերմինալներ` պարզելու պացիենտների կարծիքն ու դժգոհությունները

Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է պացիենտի գոհունակության մշտադիտարկման գործիքի` ինտերակտիվ տերմինալների ներդրումը որոշ բուժհաստատություններում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տերմինալների վրա տեղակայված հարցաշարի լրացումը թույլ կտա պացիենտին` ներկայացնել իր կարծիքն ու դիտողությունը տվյալ բուժհաստատությունում մատուցված ծառայությունների որակի առնչությամբ, ինչի հիման վրա և կկատարվեն փոփոխություններ: Այս փուլում տերմինալներ տեղադրվել են առավել մեծ հոսք ունեցող և բազմապրոֆիլ երեք ԲԿ-ներ-ում` «Իզմիրլյան», «Էրեբունի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»: Նախաձեռնությունը պիլոտային է, հետագայում այն պետք է ներառի բուժհաստատությունների ավելի լայն ցանկ: Տերմինալների համակարգը պետք է ենթարկվի պարբերական մշտադիտարկման և բարելավման` հանդիսանալով բուժօգնության որակի ապահովման կարևոր մեթոդներից մեկը: Տերմինալների միջոցով պացիենտների ներկայացրած դիտողություններն ու կարծիքները կարևոր գործիք են տվյալ բուժհաստատության համար` գնահատելու սեփական ծառայություններից օգտվողների գոհ կամ դժգոհ լինելը: Դա կարևորվում է նաև նախարարության տեսանկյունից, քանի որ պացիենտակենտրոն խնամքի խթանումը առողջապահական համակարգում առաջնահերթություն է, իսկ բուժման արդյունավետությունը բազմաթիվ դեպքերում պայմանավորված է հենց բժիշկ–պացիենտ փոխհարաբերությամբ: Պացիենտը պետք է լինի բուժման գործընթացի գործուն մասնակից: Զարգացած երկրներում պացիենտը բուժհաստատություն ընտրելիս մշտապես առաջնորդվում է նաև այլ պացիենտների գոհունակության տվյալներով: Ներկայում մեր առողջապահական համակարգում ևս կա պահանջ` խթանելու պացիենտի կողմից բուժօգնության որակի գնահատման հնարավորությունները: ԲԿ-ներում տեղակայվող տերմինալները հատկացրել է մասնավոր ընկերություն: Վերջինիս հետ նախարարությունը որևէ հետագա պայմանագրային պարտավորություն չի ստանձնել: Դրանց հետագա շահագործման մասով արդեն բուժհաստատություններն այդ ընկերության հետ կշարունակեն իրենց պայմանագրային աշխատանքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր