211652_close_icon
views-count62029 դիտում article-date 19:09 06-10-2018

Վայոց Ձորի մարզում կայացավ «Արենի Գինու Փառատոնը», որը աննախադեպ մարդաշատ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում կայացավ «Արենի Գինու Փառատոնը», որը հոբելյանական էր. այն տեղի ունեցավ 10-րդ անգամ: Ի տարբերություն նախորդ տարիների փառատոնների, այսօրվա փառատոնը աչքի ընկավ բացառիկ մարդաշատությամբ: Գյուղում իրապես ասեղ գցելու տեղ չկար, իսկ մեքենաների, զբոսաշրջիկային ավտոբուսների, միկրոավտոբուսների շղթան մի քանի կիլոմետր էր ձգվում: Նախնական տվյալներով, փառատոնին մասնակցել է 15-20 հազ. մարդ: Եվ սա այն դեպքում, որ մեծանուն Շառլ Ազնավուրի մահվան և սգո օր հայտարարելու առթիվ փառատոնի կազմակերպիչները ստիպված էին եղել մի շարք տոնախմբություններ հանել փառատոնի ծրագրից: «Արենի Գինու Փառատոնի» կազմակերպիչներն էին «Արենի» Փառատոն» հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, «Ջի-Այ-Զեթ» Հայաստանը և համայնքների միությունը: Արենի Փառատոնի երաժշտական գործընկերն է Paparazzi Group-ը, գինեգործների համար կազմակերպվող մրցույթի շրջանակներում փառատոնի գործընկերն է EVN գինու ակադեմիան։ Միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու օրրան, ինչպես նաև խթանել համայնքներում խաղողագործութունը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը: Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին միջազգային գինեգետներ, ճանաչված մի շարք ռուսաստանյան սննդային բլոգերներ (Food bloggers): Միջոցառման կազմակերպիչներն ունեն պայմանագրեր հայկական և միջազգային տուր-օպերատորների հետ. վերջիններս ապահովելու են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Միջոցառումը հիանալի հնարավորություն է հայ գինի արտադրողներին, և/կամ այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռքբերել և իրականացնել մարքեթինգային այլ ակցիաներ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 558+
558+

Նմանատիպ նյութեր