211652_close_icon
views-count2828 դիտում article-date 23:28 05-10-2018

Ինչպե՞ս ունենալ հետազոտահեն կրթություն բուհերում․ քննարկում են դասախոսներն ու փորձագետները

Ինչպիսին է միջազգային առաջավոր փորձը հետազոտահեն կրթության ոլորտում և ինչ խնդիրներ կան ՀՀ բուհերում հետազոտահեն կրթության ոլորտում․ այս հարցերն էին այսօր քննարկվում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցած «Հետազոտություն և կրթություն» թեմայով աշխատաժողովի ժամանակ։ Վերջերս տեղի էր ունեցել բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ճանաչողական այց Լոնդոնի Թագավորական քոլեջ և Լոնդոնի տնտեսական և քաղաքական գիտությունների դպրոց, որտեղ ներկայացվել էր պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական զարգացման լավագույն փորձը։ Այժմ միջազգային հաջողված փորձը հայաստանյան բուհերի դասախոսներին են ներկայացնում բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ, ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ԿԳ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը։ ՈԱԱԿ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացում ներկայացվեց ինստիտուցիոնալ հավատարմագրման «Հետազոտություն» չափանիշը, հավատարմագրման առաջին շրջափուլի արդյունքում այդ չափանիշի առումով արձանագրված խնդիրները, այնուհետև քննարկվեցին դրանց պատճառները և լուծման հնարավոր ուղիները, միջազգային հաջողված փորձի տեղայնացման հնարավորությունները։ Հանդիպման մասնակիցները նշեցին, որ դեռ խորհրդային տարիներից գիտությունն առանձնացվել է բուհերից։ Բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ մեծամասամբ չեն խրախուսում հետազոտության իրականացումը։ Այս և մի շարք այլ գործոնների պատճառով բուհերում հետազոտական բաղադրիչը թույլ է։ Դասախոսները շեշտեցին, որ հետազոտության և ուսուցման համատեղման համար անհրաժեշտ է, որ բուհը համապատասխան առաջնահերթություններ սահմանի հետազոտական ոլորտներում և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի։ Կարևորվեց նաև, որ հետազոտահեն կրթությունն արտահայտվի բուհի ռազմավարությունում, դրան միտված լինեն ուսումնական պլանները և դասընթացների ծրագրերը, ինչպես նաև ապահովվի բոլոր ուսանողների ընդգրկվածությունը հետազոտական աշխատանքներում։ Առաջիկայում տեղի կունենա ևս մեկ հանդիպում բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որի ընթացքում կներկայացվի միջազգային լավագույն փորձը նաև այլ ոլորտներում։ [b] ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյան[/b]

Նմանատիպ նյութեր