211652_close_icon
views-count2040 դիտում article-date 17:34 05-10-2018

Մասնագիտական ցանկացած տոն հրաշալի առիթ է իմաստավորելու արվածը. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳ նախարարությունից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Ողջունում և շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի առթիվ։ Մասնագիտական ցանկացած տոն հրաշալի առիթ է նաև իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների մասին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս նույնպես հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին և նախանշելու այն ճանապարհը, որը կապահովի դպրոցի զարթոնքը և կձևավորի ուսուցչի ստեղծագործական ներուժը բացահայտելու և աշակերտների լիարժեք կրթությունը խթանելու համար նպաստավոր պայմաններ։ Կրթության և ստեղծագործական մտածողության զարգացման հայտնի մասնագետ Քեն Ռոբինսոնի ձևակերպմամբ՝ ուսուցիչը նման է այգեպանի. նա չի աճեցնում բույսը, բայց ստեղծում է պայմաններ, որոնք առավելագույնս նպաստում են այդ աճին։ Այդ պայմանների ձևավորումը հնարավոր չէ առանց ուսուցիչների և աշակերտների համագործակցությունն ապահովող ստեղծագործ միջավայրի, և ուսուցչական գործի ամենաանգնահատելի կողմը մասնագիտական շարունակական կատարելագործումն է՝ աշակերտների հայացքների լույսի ներքո։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություններ ձեր նվիրական գործում»։

Նմանատիպ նյութեր