211652_close_icon
views-count3394 դիտում article-date 15:39 05-10-2018

ՀՀ զինված ուժերն արդիականացնում են տանկային պարկը. ներդրվելու են սեփական արտադրության համակարգեր

Հայաստանի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումներն ունեն պատրաստվածության բարձր մակարդակ և պատրաստ են կատարել իրենց առջև դրված ցանկացած խնդիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԶՈՒ Սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանն ասաց, որ այս տարիների ընթացքում ոլորտում զգալի ձեռքբերումներ են արձանագրվել: «Հիմնական և կարևոր ձեռքբերումն այն է, որ ունենք կայացած տանկային զորամիավորումներ: Իրականացված աշխատանքների շնորհիվ տանկային ոլորտում ունենք ոչ միայն քանակական ավելացում, այլև որակական փոփոխություններ: Մենք այսօր ունենք այնպիսի տանկային բրիգադ, որն իր սպառազինությամբ ոչնչով չի զիջում Խորհրդային միության ժամանակ համապատասխան կառուցվածքով եղած բրիգադներին: Ձեռքբերումներից ամենակարևորը նաև այն է, որ օգտագործելով անցած պատերազմի փորձը, կարողացել ենք մշակել տանկային ստորաբաժանումների պատրաստման համակարգ, որի մեջ մտնում են վերականգնման, նորոգման գործընթացները»,- ասաց Զորայր Գաբրիելյանը: Նա նշեց, որ ընդունված է սպառազինության ռազմական տեխնիկայի ծրագիր, որը կյանքի է կոչվում: Խոսելով տանկիստների մարտավարամասնագիտական պատրաստվածության մասին՝ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ այն կարելի է գնահատել լավից բարձր: «Գերազանց չեմ ասում, որովհետև միշտ, բոլոր ժամանակներում աշխատելու տեղ կա: Մեր տանկիստները լուրջ հաջողություններ ունեն, սակայն մենք միշտ ասում ենք հաջողությունները կան, դրանք մերն են, սակայն պետք է մտածել բացթողումները շտկելու մասին: Այսինքն՝ մշտապես գործում ենք պատրաստվածությունը կատարելագործելու ուղղությամբ: Հետաքրքիրն այն է, որ նախկինում ոլորտի զարգացման առումով մտածում էինք, թե ինչպես պատրաստենք, որն է լավը, որն է արդյունավետ, հիմա այդ հարցերը հստակեցված են: Ինչպես գիտենք մեր ռեսուրսները սահմանափակ են, և այսօր խնդիր է դրված այդ սահմանափակ ռեսուրսներով հասնել ամենից բարձր արդյունավետության: Դա է հիմնական պահանջը»,-ասաց նա: Անդրադառնալով տանկերի արդիականացման գործընթացին՝ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում: Ներկայում այդ ուղղությամբ բանակցություններ են իրականացվում: «Մենք ոչ միայն մեկ ուղղությամբ ենք աշխատում, քանի որ ռազմական տեխնիկան զարգանում է, պետք չէ կանգնել մեկ տարբերակի վրա: Այս երկու տարիների ընթացքում ոչ միայն համագործակցության ճանապարհով ենք հարցերը փորձում կարգավորել, այլև խնդիրներ ենք լուծել սեփական ուժերով՝ հենվելով ՀՀ-ում գիտական, արտադրական ներուժի վրա: Տ-72 տանկի Բ3 տարբերակի տեխնիկական հագեցվածության մի մասը լինելու է հայկական արտադրության: Մտածում ենք նաև այլ տեսակի տանկերի արդիականացման մասին»,-ավելացրեց Զորայր Գաբրիելյանը: Նա ընդգծեց, որ հիմնական ուղղությունները պետք է լինեն կրակի ղեկավարման համակարգերի կատարելագործումը, պաշտպանության համակարգի ներդրումը, եղանակային տարբեր պայմաններում գործելու հնարավորությունների ավելացումը: Շուրջ 2 տասնամյակ առաջ` հայոց բանակի կազմավորմանը զուգընթաց, ստեղծվեցին նաև տանկային ստորաբաժանումները և 1996-ից հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր: Տանկային ստորաբաժանումները ցամաքային զորքերի անբաժանելի մասը և հիմնական հարվածային ուժն են: Հոկտեմբերի 8-ին տոնական միջոցառումներ են անցկացվում տարբեր զորամասերում:

Նմանատիպ նյութեր