211652_close_icon
views-count28125 դիտում article-date 14:47 05-10-2018

«Շառլ Ազնավուր» անունը 2018-ի հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց Երկիր մոլորակի և միջազգային կյանքի ընթացքը. Ն. Փաշինյանի ելույթը՝ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը, մեկնարկել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը, որին մասնակցում են Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, գործող նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամներ, դիվանագետներ ու բազմաթիվ հայտնի գործիչներ: Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: ՀՀ վարչապետը Ազնավուրի հրաժեշտի արարողությանը հանդես եկավ ելույթով. «Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո´ նախագահ, ՀՀ մեծարգո´ նախագահ, պարո´ն վարչապետ, տիկնա՛յք և պարոնա´յք նախարարներ, տիկնա´յք և պարոնա´յք խորհրդականներ, դիվագիտությունների´ ներկայացուցիչներ, սիրելի´ տիկին Ուլա Ազնավուր, Ազնավուր ընտանիքի հարգելի´ անդամներ, տիկնա´յք և պարոնա´յք, այսօր հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու և գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին՝ Շառլ Ազնավուրին: Ութ տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի: Եվ այս անունը 2018-ին հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց Երկիր մոլորակի և միջազգային կյանքի ընթացը՝ մի անամոքելի թախիծ բերելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին»: Փաշինյանն իր ելույթում նշեց, որ հոկտեմբերի մեկին Շառլ Ազնավուրն իր վերջին և ամենազանգվածային աֆիշը թողարկեց աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին՝ 94 տարեկան հասակում մահացել է Շառլ Ազնավուրը. «Բայց ինչի՞ մասին է պատմում այդ վերնագիրը, ինչի՞ մասին են պատմում այդ ազդագրերը, մի՞թե ունայնության կամ հուսահատության, ո՛չ, ամենևին, այդ վերնագրերը պատմում են ճակատագրի նկատմամբ այս մարդու ու իր գերդաստանի տարած փառահեղ հաղթանակի մասին»: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց նաև Ազնավուրի ծնողների՝ Ցեղասպանությունից մազապուրծ լինելու և Ֆրանսիայում հանգրվանելու մասին, որտեղ էլ ծնվել է Վաղինակ Ազնավուրեանը, որ հետո պետք է դառնար Մեծն Շառլ Ազնավուր: «Բայց Վաղինակ Ազնավուրյանին կարեկցանք չէր հարկավոր, այլ առաքելություն, և նա գիտեր իր առաքելությունը, և այդ առաքելությունը Շառլ Ազնավուր դառնալու աներևակայելի ճանապարհն էր: Եվ նա երգեց ու գրեց, և նա գրեց ու երգեց դատարկ և կիսադատարկ դահլիճներում, և նա երգեց անհոգնել ու աննահանջ և մարդկությանը տվեց ժամանակ` հասկանալու և գիտակցելու, որ մի մեծ աստղ է ծագել համաշխարհային մշակույթի երկնակամարում, որ դեռ մի քանի տասնյակ տարիներ պետք է «պայթեցնի» աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները: Եվ նրա ձայնը տարածվեց աշխարհի բոլոր կողմերում, հասավ ամենահեռավոր երկրներ և ջերմացրեց նույնիսկ ամենասառը սրտերը: Ցավոք, ես չհասցրի անձամբ ծանոթանալ Մեծ Վարպետի, Շառլ Ազնավուրի հետ: Բայց հավատացեք` նրան ընկալում եմ որպես մերձավոր հարազատի: Նրան այսպես ընկալում է ցանկացած հայ, որովհետև Ազնավուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտությանը մի նոր շունչ է տվել ու մի նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի և իր ժողովրդի ցավերով, հոգսերով ու երազանքներով: Նաև այս է պատճառը, որ Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Բայց նա այդ կոչումը վաստակել է ոչ միայն շանսոնյեի իր հանճարով, այլև Հայաստանի Հանրապետության կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար: Հայաստանում նրա անունով կոչված են փողոցներ ու հրապարակներ, իսկ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում արդեն երկար տարիներ վեր է խոյանում նրա մեծաշուք արձանը, և նա թերևս միակ մարդն է, որին Հայաստանում արձան է կանգնեցվել կենդանության օրոք: Շառլ Ազնավուրի մահան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված, և այս ամենն արտահայտումն է այն հսկայական սիրո, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ` առանց բացառության, տածում է այս մեծ մարդու, այս մեծ ֆրանսիացու, աշխարհի այս մեծ քաղաքացու նկատմամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև իր առանձնակին հարգանքն ու երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի նախագահին և հավելեց. «Շառլ Ազնավուրն, անշուշտ, Ֆրանսիայի մեծ նվիրյալ էր, Ֆրանսիայի մեծ քաղաքացի, ֆրանսերենի տարածման մի անկրկնելի մունետիկ, բայց նաև Հայաստանի մեծ պաշտպան էր, Հայաստանի քաղաքացի և Հայաստանի Հանրապետության դեսպան»: Վարչապետը նաև նշեց, որ Ազնավուրն ապրում էր Հայաստանի հոգսերով, և մեր ժողովուրդը նրա հոգատարությունը տեսել ու զգացել է երեսուն տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ, Հայաստանի անկախության բոլոր դժվարին օրերին: «Շառլ Ազնավուրը անտարբեր չմնաց նաև Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության նկատմամբ և ինձ ուղղված վերջին նամակում, մասնավորապես, գրել էր. «Հենց որ առողջությունս թույլ տա, ջերմորեն փափագում եմ այցելել այս նոր Հայաստանը և ծանոթանալ այն առողջ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը»։ Մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովի առիթով, և նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին: Ցավոք, այս խոստումը չկարողացա կատարել, սփոփանքս այն է, որ Ազնավուրը, այնուամենայնիվ հասցրեց իր վերջին ուղերձը հղել նոր Հայաստանին` ինձ գրած նամակում ասելով. «Սրտանց փափագում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում»: Խոնարհվում եմ Ձեր առաջ մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ, ննջիր խաղաղությամբ»,-եզրափակեց իր ելույթը ՀՀ վարչապետը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր