211652_close_icon
views-count4785 դիտում article-date 15:06 04-10-2018

Երասխում արտոնություն տրամադրվեց առաջադեմ այգիների հիմնման ծրագրին. կիրականացվի 1,87 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունը մաքսային և հարկային արտոնություններ տրամադրեց «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում հետաձգել «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ: Ներմուծվող սարքավորումների ցանկի ընդհանուր գումարը կմնա անփոփոխ։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ։ Ինտենսիվ այգիները համալրված են լինելու ժամանակակից համակարգերով, ներառյալ հակակարկտային համակարգը, որը բացի կարկտի պաշտպանությունից, կպաշտպանի ծառերը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, քամուց, թռչուններից և որոշ միջատների վնասակար հետեւանքներից: Այն նաև կունենա ցրտահարության պաշտպանության համակարգ, որը կպաշտպանի ծառերը ցրտահարությունից: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 1,87 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 630 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում մինչեւ 2024 թվականը կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ, հասցնելով այն 250-ի` 150 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր