211652_close_icon
views-count2917 դիտում article-date 15:43 03-10-2018

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն օրվա հրամայական է. Ազատ դեմոկրատների հայտարարությունը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը։ Այս մասին ասված է Ազատ դեմոկրատներ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: «Այսօր խորհրդարանում ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հապճեպ ընդունումն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Այդ նախաձեռնությամբ նոր անջրպետ առաջացավ ՀՀ-ում սկսված փոփոխությունների կողմնակիցների և գործող Ազգային ժողովի միջև։ Ակնհայտ է, որ այդ նախաձեռնությամբ փորձ է արվում վիժեցնել այն բոլոր անհրաժեշտ օրեքների ընդունումը և պրոցեսների նախապատրաստումը, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, այդ թվում՝ այդքան կարևոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որն ամբողջովին հարմարեցված էր հին համակարգին»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, օրվա հրամայական է դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչն այս իրավիճակում կհանդիսանա ՀՀ-ում քաղաքական և հասարակական համերաշխության ապահովման ամենաանհրաժեշտ և արդյունավետ լուծումը։ «Իսկ նրանք, ովքեր կխոչընդոտեն արտահերթ ընտրությունների անցկացմանը, ակնհայտորեն կնպաստեն հասարակության երկփեղմանը և ՀՀ թուլացմանը՝ այն էլ Հայաստանի և Արցախի համար այսքան պատասխանատու և կարևորագույն պատմական ժամանակաշրջանում։ Ազատ դեմոկրատներ կուսակցությունն ևս մեկ անգամ վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ քաղաքացիների և վարչապետի դիրքորոշմանը՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը, և ժողովրդավարական չափանիշներով անցկացված ընտրություններն են, որ կարող են դառնալ Հայաստանում փոփոխությունների և զարգացման անշրջելիության երաշխիքը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր