211652_close_icon
views-count900 դիտում article-date 16:30 02-10-2018

«ՀայՓոստ»-ը շրջանառության մեջ է դրել «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմայով նամականիշ

Եվրոպական նամականիշի մարումն ամուր ավանդույթ է դարձել Հայաստանում. հոկտեմբերի 2-ին կայացավ «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմայով նամականիշի մարման արարողությունը: «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում նամականիշի մարման արարողության ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ եվրոպական համագործակցության շրջանակներում ստեղծված հայկական նամականիշներն աչքի են ընկնում առանձնահատուկ գեղեցկությամբ և գրավչությամբ: «Այս նամականիշի համար Ծակքար կամուրջի ընտրությունը, կարծում եմ, հիանալի որոշում է: Այն նախ և առաջ ցույց է տալիս Հայաստանի հինավուրց արմատները և այս երկրի բնական գեղեցկությունը»,-ասաց նա` հավելելով, որ հայկական նամականիշերն այնքան գեղեցիկ են, որ գուցե մարդիկ մի օր որոշեն էլեկտրոնային նամակները փոխարինել դրանցով: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն էլ հավելեց, որ միջոցառումը ևս մեկ անգամ հավաստում է Հայաստանի և Եվրամիության ջերմ և արդյունավետ գործակցությունը: «Եվրոպա թեմային նվիրված նամականիշերի մարման ավանդույթը մեզ մոտ արդեն 21 տարի է: Այն կրում է շարունակական բնույթ: Ուզում եմ նշել, որ կամուրջները միայն անցանելիություն ապահովելուն չեն ուղղված, դրանք նաև բարեկամություն են խորհրդանշում»,-ասաց Հակոբյանը: «Եվրոպա 2018. Կամուրջներ» նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի անդամ-երկրների «EUROPA» միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: Այն ունի 350 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշի տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը, դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշի վրա պատկերված է բնական կամուրջ, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում:

Նմանատիպ նյութեր