211652_close_icon
views-count3440 դիտում article-date 20:30 01-10-2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Խորը ցավով ստացա Շառլ Ազնավուրի մահվան բոթը. կյանքի 94-րդ տարում մեզանից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը: Դժվար է հավատալ, որ մահացել է մի անձնավորություն, ով կերտել է մի ողջ դարաշրջան, կերտել է պատմություն, կերտել է սեր, և անմնացորդ ծառայել սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով հայ: Նա 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացրել, ջերմացրել և ոգեշնչել է տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց՝ բոլոր մայրցամաքներում: Սա ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար: Մահացել է Հայաստանի Ազգային հերոսը: Անուրանալի է Շառլ Ազնավուրի ավանդն Անկախ Հայաստանի կայացման ու հզորացման գործում: Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անունից իմ խորին վշտակցությունն եմ հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, Շառլ Ազնավուրի հարյուր միլիոնավոր երկրպագուներին՝ աշխարհի տարբեր մասերում: Ցավակցում եմ մեզ բոլորիս՝ ամբողջ հայ ժողովրդին: Սա իսկապես մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն՝ այդ արժեքների հիման վրա մարդկանց մղելով դեպի առաքինություն:

Նմանատիպ նյութեր