211652_close_icon
views-count3528 դիտում article-date 19:38 01-10-2018

Հանձնարարվել է պատշաճ կազմակերպել Երևանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մասնավորապես, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Նոր աղբավայրի կառուցման վերաբերյալ զեկուցվել է, որ ՎԶԵԲ-ի կողմից արդեն իսկ հաստատվել է մրցութային փաթեթը և կառավարության հետ համաձայնեցումից հետո հնարավոր կլինի հայտարարել մրցույթը: Զեկուցվել է նաև, որ ամփոփման փուլում է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրի մրցույթը: Հանձնարարվել է կատարվող աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության ներքո՝ խստորեն հետևելով որակի ապահովմանը: Անդրադառնալով Երևանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ Կամո Արեյանը աշխատակազմի վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության կառույցներին, վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին հանձնարարել է քայլեր ձեռնարկել գագաթնաժողովի միջոցառումները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Մասնավորապես, հանձնարարվել է մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Մարզահամերգային համալիրի հարակից տարածքի բարեկարգման ու սանմաքրման աշխատանքները, ինչպես նաև կանաչ տարածքների խնամքը: Բացի դրանից, տարածքը պահպանելու նպատակով նախատեսված է ոստիկանության հետ համատեղ սահմանել հատուկ հսկողություն: Խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել մայրաքաղաքում ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը, այդ թվում՝ «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվելիք աշխատանքների ցանկն ու ժամանակացույցը: Աշխատանքային խորհրդակցության ավարտին աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստվել հոկտեմբերի 5-ին և 7-ին նշվող Ուսուցչի օրվա և Գրադարանավարի օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր