211652_close_icon
views-count4326 դիտում article-date 22:53 26-09-2018

Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ համագումարի մասնակիցներն այցելեցին Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտն այսօր իր հարկի տակ էր համախմբել առաջատար վիրաբույժների աշխարհի տարբեր անկյուններից: Մասնագետները ժամանել են Երևան Վիրաբուժության Եվրոպական միության (ESS, www.essurg.org) 22-րդ տարեկան համագումարին մասնակցելու նպատակով, որն ընդգրկում է նաև Վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAS, www.AAS.am) 4-րդ հնգամյա կոնգրեսը և Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների եվրոպական 3-րդ համաժողովը: Ինստիտուտում կազմակերպված փոքրիկ միջոցառմամբ ԵՊԲՀ ղեկավարությունը, բուժանձնակազմը, ապագա բժիշկները և արտերից ժամանած հյուրերը նշեցին հայ խորհրդային սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով Հայաստան ժամանած օտարերկրացի մասնագետներին՝ նշեց, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ նրանց այցը պատահական չէ, քանի որ այն համալսարանական հիմնական, ամենամեծ բազաներից  է: Ռեկտորի խոսքով՝ այս միջոցառմամբ ազդարարվում է գիտական, ուսումնական, կլինիկական խոշոր միջոցառումների մեկնարկը, որը նախատեսված է անցկացնել ինստիտուտում: Արմեն Մուրադյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Վիրաբուժության Եվրոպական միության 22-րդ տարեկան համագումարի կազմակերպման աշխատանքներում ներգրաված են համալասարանական մասնագետները՝ հայ վիրաբուժության նահապետ, անվանի բժիշկ Հովհաննես Սարուխանյանի հովանավորությամբ: «Այս միջոցառումը եվրոպական բժշկական աշխարհի հետ հաղորդակցվելու ձևավորված բարի ավանդույթ է»,- շեշտեց բուհի ղեկավարը: Նաև ընդգծելով, որ համագումարի շրջանակում Ալեքսանդր Միքայելյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը նշելը պատահական չէ, քանի որ հենց նրա կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանը տասնամյակներ առաջ այսպիսի բժշկական դարբնոց է ձեռք բերել: Ռեկտորը կարևորեց նաև այն հանգամանքը, որ դահլիճում ներկա են ապագա բժիշկներ, կլինիկական օրդինատորներ, ովքեր պետք է առանձնահատուկ կարևորեն ավագ գործընկերների, մեծանուն բժիշկների թողած հսկայական ժառանգությունը: ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սուրեն Ստեփանյանն, ով նախորդ տարվա հոկտեմբերին ընտրվել էր Վիրաբուժության եվրոպական միության (ESS – European Society of Surgery) նախագահ ևս անդրադարձավ Ալեքսանդր Միքայելյանի և նրա հիմնադրած ինստիտուտի պատմությանն ու գործունեությանը: Սուրեն Ստեփանյանի գնահատմամբ՝  լեգենդար բժիշկն ու իր ղեկավարած թիմը մեծ ներդրում ունեն Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: Այսօր ինստիտուտը կանգնած է բարեփոխումների ճանապարհին, որոնք վերաբերում են ինչպես վիրաբուժական, այնպես էլ թերապևտիկ ուղղություններին: Անդրադառնալով Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ համագումարին՝ ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչն ասաց, որ միջոցառումը առաջին հերթին համագործակցության նոր հնարավորություններ կընձեռի, կնպաստի փորձի փոխանակմանը: Ելույթներ ունեցան և  Ալեքսանդր Միքայելյանի կենսագրության հիշարժան  մանրամասները ներկայացրին նրա հետ երկար տարիներ աշխատած  գործընկերները, փոխանցվեց նաև նրա կնոջ՝ Լյուդմիլա  Շերդուկալովա-Միքայելյանի ողջույնի ուղերձը: Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարեցին մեծանուն բժշկի հուշարձանին: Այս միջոցառումը հարգանքի տուրք  էր Ալեքսանդր Միքայելյանի  հիշատակին և վկայում էր այն մասին, որ սերունդները չեն մոռացել նրա՝  հայ բժշկագիտության զարգացման գործում ներդրած բազմամյա և հարուստ ավանդը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր