211652_close_icon
views-count18994 դիտում article-date 09:00 26-09-2018

Ալավերդիում մեկնարկել է «Թատերական Լոռի» 24-րդ փառատոնը, որին մասնակցում են պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ թատերախմբեր նաև արտերկրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 24-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում մեկնարկեց «Թատերական Լոռի» 24-րդ և թվով՝ 4-րդ փառատոնը։ Այն նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փառատոնի մեկնարկը տրվեց պոետի հայրենի Դսեղ գյուղում։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հ. Թումանյանի տուն-թանգարանի բակում տեղադրված կիսանդրու առջև, որտեղ և թաղված է գրողի սիրտը։ Այնուհետև Ալավերդի քաղաքի Քարե կամրջի մոտ շարունակվեց փառատոնը։ Շնորհավորական խոսքով հանդես եկան Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, Լոռու փոխմարզպետը, «Վալլեքս» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը, որից հետո Ալավերդու մշակույթի տան բակում տեղի ունեցավ հուշաքարի բացման արարողություն։ Ի դեպ, հուշաքարը նվիրել է հայրենի քաղաքին «Վալլեքս» ընկերության ենթակայության տակ գործող «Բեթ Մեթալս»-ի տնօրեն Արթուր Մկրտումյանը։ Մշակույթի տանը Թումանյանի հեքիաթները ներկայացրին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասանները։ Նշենք, որ փառատոնին մասնակցում են Հայաստանում գործող պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ թատրոններ, թատերախմբեր՝ Վրաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Ճապոնիայից: Փառատոնի օրերին ճանաչված դերասանների և ռեժիսորների մասնակցությամբ բուհերում, դպրոցներում, կրթական այլ հաստատություններում կազմակերպվելու են հանդիպումներ, ինչպես նաև տեղի կունենան ճանաչված արվեստագետների` Հակոբ Ազիզյանի, Յուրի Երզնկյանի, Երվանդ Ղազանչյանի, Վլադիմիր Մսրյանի մեծարման երեկոներ: Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր