211652_close_icon
views-count2304 դիտում article-date 16:50 25-09-2018

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախի Բերձոր քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ՝ վերաստորագրելու Բերձորի և Ալֆորվիլի միջև բարեկամության հռչակագիրը, ինչը, նրա գնահատմամբ, վերահաստատում է երկուստեք հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը։ ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել Ալֆորվիլի քաղաքային իշխանությունների ջանքերը՝ ուղղված Բերձորի հետ համագործակցության ամրապնդմանն ու Արցախի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը՝ հիշատակելով վերջերս Ալֆորվիլ քաղաքում «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի անցկացումը։ Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ անդրադարձ կատարելով նաև Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին։ Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է օտարերկրյա պետությունների հետ տարբեր մակարդակներով հարաբերությունների հաստատման և աշխարհագրության ընդլայնման կարևորությունը՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից հետևողականորեն տարվող մեկուսացման քաղաքականությանը դիմագրավելու տեսանկյունից։ Այս համատեքստում նա նշել է, որ ամեն կերպ ձգտելով մեկուսացնել Արցախը՝ Ադրբեջանը փորձում է իր համար բարենպաստ հող նախապատրաստել՝ Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու համար, ինչը սպառնալիք է ոչ միայն երկու հայկական պետությունների, այլև ողջ տարածաշրջանի համար։ Քաղաքապետ Միշել Ժերշինովիչն իր հերթին վերահաստատել է Ալֆորվիլի քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ խորացնել և ընդլայնել Բերձոր քաղաքի հետ մշակույթի, սպորտի, կրթության և տեղական ինքնակառավարման ոլորտներում համագործակցությունը՝ նշելով, որ պատվիրակության այցելությունն Արցախ լրացուցիչ առիթ է՝ քննարկել և նախանշել երկկողմ կապերի զարգացմանն ուղղված հետագա անելիքները։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել գործնական ծրագրերի իրականացման հեռանկարների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր