211652_close_icon
views-count3256 դիտում article-date 14:26 25-09-2018

Գյուղատնտեսական հարցերի մասին բարձրաձայնում են շահագրիգռ անձիք. հանդիպում է եղել նաև գյուղնախարարի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի 4 մարզում՝ Արմավիրում, Գեղարքունիքում, Վայոց ձորում և Շիրակում օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել Town Hall ձևաչափով աշխատաժողովներ, որոնց նպատակն էր վերհանել գյուղատնտեսության ոլորտի հիմնահարցերը: Աշխատաժողովին մասնակցել է 309 ներկայացուցիչ, ովքեր ներգրավված են գյուղատնտեսության տարբեր արժեշղթաներում՝ ֆերմերներ, գյուղատնտեսական կոոպերատիվների անդամներ, մարզպետարանի և «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» մարզային կառույցի, սննդի անվտանգության պետական տեսչության ներկայացուցիչներ: Հանդիպումները նախաձեռնել էին Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ՝ «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագիրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովները մեկ հարկի տակ համախմբել է նշյալ մարզերում գյուղատնտեսության ոլորտի շահագրգիռ կողմերին, ովքեր բարձրաձայնել են ոլորտում առկա մի շարք հիմնահարցերի մասին: Իսկ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում անցկացված աշխատաժողովի մասնակիցներին հանդիպել է նաև գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որտեղ մասնակիցները իրենց հուզող հարցերն ուղղեցին նախարարին՝ բարձրաձայնելով ոռոգման ջրի, բուժանյութերի, գյուղատնտեսական վարկերի, գյուղտեխնիկայի և կոոպերատիվների հետ կապված հիմնախնդիրներ: «Այս հանդիպումների նպատակն էր հենց ոլորտի ներկայացուցիչներից լսել իրենց խնդիրները, իսկ ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր մարզում առավել քան 300 առաջարկ - խնդիր է հավաքագրվել մեր գործընկեր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետների կողմից: Դրանք կմշակվեն մեր փորձագետների կողմից և որպես հայեցակարգային փաստաթղթեր կներկայացվեն կառավարությանը և այլ շահագրգիռ կողմերին»,- նշել է «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագրի համակարգող Վադիմ Ուզունյանը: Նշենք, որ վերհանված խնդիրները կամփոփվեն և հիմք կհանդիսանան հոկտեմբերին 24 նախատեսված «Համապետական ֆերմերական կոնգրեսի» համար, որտեղ Կառավարության և Ազգային ժողովի համապատասխան ներկայացուցիչներին կներկայացվեն վերհանված խնդիրները: «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ Գյուղատնտեսական դաշինքի անդամ 7 կազմակերպությունների միջոցով՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամ, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն, «ՎԻՍՏԱԱ» Փորձագիտական կենտրոն խորհրդատվական ՀԿ, «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպություն, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ, ՊրոՄեդիա_ Գենդեր ՀԿ, «Իրազեկ» համայնքների զարգացմանն աջակցող ՀԿ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր