211652_close_icon
views-count5440 դիտում article-date 11:53 25-09-2018

«Մեծ հնգյակը» վերահաստատել է Իրանի հետ կնքված համաձայնագրի կատարման հանձնառությունը

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիրը ստորագրած 5 երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, վերահաստատել են հանձնառությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթների կատարմանը՝ 2015 թվականի համաձայնագրին համապատասխան: Ինչպես հայտնում է Interfax-ը, այդ մասին ասված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանց համատեղ հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ նիստի ավարտին ԵՄ ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի կողմից ընթերցված փաստաթղթում ընդգծվում Է, որ իրանական կողմն ամբողջությամբ կատարում Է ԳՀՀԾ-ով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև այն, որ նիստի մասնակիցները հաստատում են Իրանի հետ գործարար կապերի հետագա զարգացման անհրաժեշտությունը, որոնք վերաբերում են նաև Իրանի կողմից նավթի ու գազի արտահանմանը: ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության պայմաններում նիստի մասնակիցներն անհրաժեշտ են համարել ապահովել Իրանի հետ գործարար կապեր իրականացնող ընկերությունների պաշտպանությունը: Այդ պայմաններում, ինչպես հայտարարել է Մոգերինին, անհրաժեշտ է ստեղծել Թեհրանի հետ ֆինանսական հաշվարկների մեխանիզմ: Նրա խոսքով՝ եվրոպական երկրներն արդեն ստեղծել են նման մեխանիզմ և հուսով են, որ մյուս պետությունները կմիանան նրան: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրից և վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները։

Նմանատիպ նյութեր