211652_close_icon
views-count5185 դիտում article-date 16:54 24-09-2018

Գյումրիում հզորությամբ նմանը չունեցող ակնաբուժական կենտրոն կբացվի

Գյումրիում ակնաբուժական կենտրոն կբացվի, որն իր հզորությամբ նմանը չի ունենա Հայաստանի երկրորդ քաղաքում: Այս մասին Երևանում սեպտեմբերի 24-ին մեկնարկած Հայկական ակնաբուժական նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողովին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը: Նրա խոսքով՝ կենտրոնը հանդիսավորությամբ կբացվի սեպտեմբերի 27-ին: «Մենք մեծ ակնկալիքներ ունենք, որովհետև նախարարությունը խրախուսում է մարզերում ծառայությունների ընդլայնմանը՝ հատկապես հաճախ հանդիպող հիվանդությունների մասով»,- ասաց նա: Անդրադառնալով Հայկական ակնաբուժական նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողովին՝ Մելիք-Նուբարյանը նշեց, որ այն համախմբում է Սփյուռքի և հայության համատեղ ուժերը և ուղղված է մարդու առողջության և, մասնավորապես, տեսողության բարելավմանը: «Ծրագիրը բացառիկ նշանակություն ունի, և դրա շնորհիվ մենք մարզերում վերականգնեցինք ակնաբուժական ծառայությունը»,- ասաց նա: Դավիթ Մելիք-Նուբարյանն ընդգծեց. Հայաստանում տարեկան կատարակտի մի քանի հազար վիրահատություն է իրականացվում, և վիրահատությունների զգալի տոկոսն իրականացվում է ակնաբուժական նախագծի կողմից՝ անվճար: «Մարզերում գործում են շարժական, ինչպես նաև ստացիոնար կլինիկաներ, որտեղ մարդիկ հերթագրվում են, համապատասխան զննության ենթարկվում և ապա վիրահատվում: Մինչև հիմա որևէ բողոք բնակիչների կողմից նախարարություն չի հասնում, միայն շնորհակալական խոսքեր ենք լսում»,- հավելեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետը:

Նմանատիպ նյութեր