211652_close_icon
views-count3882 դիտում article-date 22:29 22-09-2018

Արման Թաթոյանի գլխավորած խումբը այցելել է սահմանամերձ Բաղանիս և Կոթի գյուղեր. ՖՈՏՈՇԱՐՔ

Քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 21-ին այցելել է ադրբեջանական զինված ուժերի թիրախում գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Կոթի գյուղեր: Փաստահավաք խումբն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր Կոթի գյուղում, ինչպես նաև Բաղանիսի գյուղապետարանի ու դպրոցի պատերին, տանիքներին, քաղաքացիական բնակիչների տների պատերին ու վնասված պատուհաններին: Գյուղի բնակիչներն ու վարչակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցների ընթացքում նշել են, որ այդ վնասցածքներն ադրբեջանական զինված ուժերի կողմից գյուղը թիրախային գնդակոծության ենթարկելու հետևանք են (կիրառված են նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ): Կրակոցների արդյունքում վնաս է պատճառվել նաև Կոթի գյուղի բնակչի առողջությանը: Փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքներով կկազմվի արտահերթ զեկույց՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: Սահմանամերձ գյուղերի բնակիչներն Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են նաև սոցիալական հարցեր, որոնց լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը նախորդ արտահերթ զեկույցներում արձանագրել է, որ գնդակոծությունները Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ունեն համակարգված բնույթ և նպատակն է թիրախային վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր