211652_close_icon
views-count16008 դիտում article-date 21:46 21-09-2018

Վրաստանի կառավարությունը զիջել է. հացահատկի փոխադրումն ավտոտրանսպորտով չի արգելվի

Հացահատիկն ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրելու արգելքի մասին Վրաստանի կառավարության որոշումը չեղարկվել է մեկ տարով: Այս մասին հայտնում է [url=https://jam-news.net/?lang=ru]Jamnews[/url]-ը: Այսպիսի որոշում է կայացրել ֆինանսների նախարար Վանո Մաճավարիանին այն բանից հետո, երբ հացահատիկ ներկրող վարորդների բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկն իր վրա բենզին է լցրել և սպառնացել այրել իրեն: Սեպտեմբերի 15-ին Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն՝ ուժի մեջ է մտել Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտային միջոցներով հացահատկի և ալյուրի փոխադրման արգելքը: Այդ որոշումը թույլատրում էր նշված բեռնափոխադրումներն իրականացնել միայն նավահանգիստների և երկաթուղային մագիստրալների միջոցով: Որոշումը, որն ավտոտրանսպորտով հացահատիկ և ալյուր փոխադրողներին և տարանցմամբ զբաղվողներին զրկում էր գործունեություն ծավալելու հնարավորությունից, պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 1-ից: Կառավարության միակ փաստարկը, որը նշվում էր ի ապացույց ներմուծվող կարգավորման անհրաժեշտության, հսկիչ անցակետերում կուտակվող հերթերն էին հացահատիկով բեռնված մեքենաների պատճառով, ինչպես նաև խցանումները, որոնք դրանք ստեղծում են ճանապարհներին, ինչն անհարմարություն է ստեղծում տարեցտարի աճող զբոսաշրջային հոսքի համար: Կառավարության որոշումը գործազուրկ էր դարձնում բեռնատարների հարյուրավոր վարորդների, որոնք զբաղվում են հացահատկի փոխադրմամբ: Սեպտեմբերի 17-ին վարորդները հավաքվել էին Լիլոյում՝ տնտեսական գործունեության ձևակերպման գոտում, և հանդիպում էին պահանջում նախարար Մաճավարիանիի հետ: Եռօրյա ցույցից հետո նրանք ստիպեցին կառավարությանը զիջումների գնալ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրացավ Լիլոյի տերմինալի տանիքն ու սպառնաց ինքնահրկիզման ակտ իրականացնել: Նախարար Վանո Մաճավարիանին (ձախից) և բեռնատարի վարորդ Ջանո Ամկոլաձեն, որն իր վրա բենզին էր լցրել: Լուսանկարը՝ Մզիա Սագանելիձեի/ Ազատություն ռադիոկայան «Մենք ի գիտություն ենք ընդունել վարորդների դրությունն ու որոշել մեկ տարով հետաձգել կարգավորման ընդունումը: Ապագայում փոխադրումների սահմանափակումները սեզոնային կամ այլ բնույթ կկրեն. դա տեղի կունենա հարցը բեռնատարների վարորդների հետ քննարկելուց հետո», — հայտարարել է ֆինանսների նախարարը, որը հանդիպել է ինքնահրկիզման ակտ իրականացնելու սպառնալիք հնչեցրած վարորդի հետ: Բեռնատարների վարորդներից և հացահատկի բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններից զատ Վրաստանի կառավարությունը բարդ դրության մեջ էր դնում նաև հարևան Հայաստանին: Վրաստանը Հայաստանի համար միակ տարանցիկ տարածքն է, որի միջոցով երկիր հացահատիկ է մտնում: Այդ պատճառով էլ Վրաստանում հացահատկի ավտոտրանսպորտային փոխադրումները կարող էին զգալիորեն թանկացնել հացը Հայաստանում:

Նմանատիպ նյութեր