211652_close_icon
views-count3270 դիտում article-date 21:29 21-09-2018

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ծանոթացել են Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակության անդամները՝ բանկի տրանսպորտի գլոբալ պրակտիկայի ղեկավար Խուան Գավիրիան, Կենսական նշանակության ճանապարհների ծրագրի թիմի ղեկավար, տրանսպորտի մասնագետ Նարգիզ Ռիսկուլովան, թիմի համաղեկավար, մայրուղիների ավագ ինժեներ Ռոդրիգո Արխոնդո Կալաոն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն այցելել էին Արարատի մարզ՝ դիտարկելու Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնված ավտոճանապարհները։ Հիշեցնենք, որ այս օրերին ՀԲ պատվիրակությունը Երևանում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացմանն աջակցության առաքելությամբ։ Պատվիրակությունը նախ եղավ Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում, որի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան համայնքով, իսկ մոտ 200 մետրը՝ Արևշատ համայնքով, ապա՝ Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 2,1 կմ ճանապարհահատվածում։ Դիտակ համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն մարդկանց ու կառույցներին, որոնք առնչություն են ունեցել իրենց գյուղի ճանապարհի վերականգնմանը։ «Անցած 25-30 տարիների ընթացքում մենք միայն փոշի էինք շնչում, գյուղի ամբողջ տեխնիկան վատ ճանապարհի պատճառով շարքից դուրս է եկել։ Վերջին 20 տարիներին տրանսպորտային կապ չի եղել մարզկենտրոնի հետ։ Այսքան դժվարություններից հետո այսօր ունենք բարեկարգ ճանապարհ։ Գյուղի հեղինակությունն է բարձրացել, հավանաբար մյուս շաբաթվանից մարզկենտրոնի հետ կապող տրանսպորտային երթուղի կաշխատի։ Ի դեպ, ծնողների հոգսերն էլ են թեթևացել. ձմռանը և անձրևոտ օրերին ստիպված էին կրկնակի կոշիկներ պահել երեխաների համար՝ մի զույգը ցեխոտ ճանապարհի, մյուսը դպրոցի համար։ Ճանապարհի վերակառուցումը բավականին մեծ խնդիրներ է լուծել մեզ համար»,- ասաց Դիտակի համայնքապետը։ Կառավարությանը, Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությանը, Համաշխարհային բանկին և շինարարներին իր շնորհակալությունը հայտնեց նաև Ջրաշեն համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյանը։ Նա նկատեց, որ զարմացած են կատարված աշխատանքների ծավալով ու որակով. «Գիտեինք, որ պետք է ասֆալտապատվի ճանապարհը, բայց որ այս կարգի աշխատանք կարվի, չէինք պատկերացնում։ Ամեն մանրուք հաշվի է առնված, շատ մեծ աշխատանք է կատարվել համայնքի համար»։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր