211652_close_icon
views-count3233 դիտում article-date 16:18 20-09-2018

Պետք է վճռական գնանք այդ քայլերին. Նիկոլ Փաշինյան

Ներկայումս գործող տնտեսական կառուցվածքը մեզ ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր մեր տնտեսությունն ի՞նչ է իրենից ներկայացնում՝ ագրարային, ընդ որում՝ ոչ տեխնոլոգիական, ոչ ինտենսիվ գյուղատնտեսություն, երկրորդը՝ մոլախաղեր և երրորդը՝ ընդերքի արտահանում: Այս տնտեսական կառուցվածքը մեզ ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել: Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակող գյուղատնտեսություն, այսինքն՝ սննդի արտադրություն և այլն, և այլն, այսինքն՝ պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա: Եվ այս ռեվերսի, այս փոփոխության շրջանում նաև որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ենք ունենալու, բայց պետք է գնանք, հակառակ դեպքում կստացվի, որ ուղղակի դանդաղ իրավիճակին հարմարվում ենք, այնքան որ որևէ փոփոխություն չլինի, իսկ դա, ինչպես հասկանում եք, անհնար է: Այդ փոփոխությունները չեն կարող չլինել, և մենք պետք է վճռական գնանք այդ քայլերին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է խնդիրը շատ կոնկրետ ձևակերպել. «Գազալցակայաններում և ամենուր տեղադրված այդ ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում: Սա առաջինը: Երկրորդը՝ պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով սահմանափակվի փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների գոյությունը, և, ի վերջո, նաև դրանք նույնպես դուրս գան: Առաջինը՝ պետք է անել շատ արագ և շատ վճռական, երկրորդը՝ քանի որ իրենք, այնուամենայնիվ, կազմակերպման ավելի բարդ ձևեր ունեն, պետք է ավելի լավ մտածված անել: Եվ երրորդը՝ ռազմավարական առումով պետք է բացառենք այն իրավիճակը, երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, և ուզում ենք հասկանալ՝ այդ ինչ ցուցանիշ է, պարզվում է՝ ոչ մի բան տեղի չի ունեցել: Պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով և պարտվելով, բնականաբար: Այսինքն՝ այս 3 խնդիրը մենք պետք է լուծենք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը մեկ անգամ ևս նշել է, որ պետք է ամեն ինչ բաց քննարկել, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ այս համատեքստում որևէ թեմա լոբինգ է արվում. «Եթե պարզվի, որ կան սուբյեկտիվ պահեր, այդ սուբյեկտիվ պահերն էլ պետք է վերացնել, հանել, որպեսզի ամեն ինչ լինի ճշգրիտ, ոչ թե ճիշտ, այլ ճշգրիտ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր