211652_close_icon
views-count8937 դիտում article-date 13:12 19-09-2018

Արարատի մարզպետը դպրոցի տնօրեններին կոչ է արել անհիմն չմերժել բաց մրցույթի համար դիմողներին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի էջում դիմել է մարզի դպրոցների տնօրեններին՝ կոչ անելով չաշխատել նախկինի պես եւ աշխատանքի համար հայտարարված մրցույթներին դիմած քաղաքացիներին չմերժել անհիմն․ «Արարատի մարզի հարգելի եւ ոչ այնքան հարգելի դպրոցների տնօրեններ, կոչով դիմում եմ հատկապես Ձեզ: Եթե Ձեզ թվում է, որ դուք շարունակելու եք աշխատել նախկինի պես եւ թափուր տեղերի համար հայտարարված բաց մրցույթին դիմած քաղաքացիներին կարող եք մերժել, ասելով, որ իզուր եք դիմում, այդ տեղի համար արդեն ասված է, այն էլ մարզպետարանից, ապա չարաչար սխալվում եք: Այդ ճանապարհը Ձեզ լավ տեղ չի տանում: Բոլոր նման դեպքերը խստագույնս կպատժվեն, էլ չեմ ասում, թե ինչ կլինի կաշառք վերցնողների հետ, եթե իհարկե այդպիսի «դուխով» տնօրենները դեռեւս ազատության մեջ են գտնվում: Սթափվե՛ք եւ զբաղվեք մանկավարժությամբ, ծառայե՛ք այն վեհ գաղափարին, ինչի համար դուք կոչված եք: Եվ մի՛ մոռացեք՝ ձեզանից է կախված մեր սերունդների երջանիկ ապագան: Հ.Գ. Իսկ մեր սիրելի քաղաքացիներին կոչ եմ անում նման դեպքերում շտապ դիմել մեզ՝ ահազանգելով (0235) 2-19-53»,- գրել է Արարատի մարզպետը:

Նմանատիպ նյութեր