211652_close_icon
views-count3230 դիտում article-date 17:10 15-09-2018

«Մեծագույն ձեռքբերումը օրենքի գերակայության հաստատումն էր». Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ամփոփեց պաշտոնավարման 100 օրը

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդես եկավ պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսով: Ներկայացվեցին նախորդող 3 ամիսների ընթացքում մարզում իրականացված ծրագրերը, ձեռքբերումները, փոփոխությունները: Մատնանշվեցին համակարգային այն բարեփոխումները, որոնք հանգեցնելու են առողջապահական, կրթական, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում իրավիճակի փոփոխության: Մասնավորապես, կարևորագույն փոփոխությունը Կոտայքի մարզում օրենքի գերակայության հաստատումն էր, երբ մասնավոր շահերը ստորադասվել են հանրայինից, բոլոր տեղերում տրվել են օրենսդրությամբ սահմանված ազատությունները և միաժամանակ մշակվել են վերահսկողության ավելի խիստ մեխանիզմներ՝ ինքնիրավչությունը վերացնելու համար:«Վարչական և մասնագիտական վերահսկողության արդյունքում մի շարք համայնքներում, դպրոցներում, պետական այլ կառույցներում բացահայտվել են խախտումներ, որոշ դրվագներով կան նաև հարուցված քրեական գործեր: Ի ուրախություն ինձ պիտի ասեմ, որ կան նաև լավ օրինակներ, երբ համայնքի ղեկավարները լուծել են իրենց առջև դրված պարտադիր խնդիրները. ես նրանց ձեռքն եմ սեղմել և պատրաստ եմ համատեղ ճանապարհ անցնել՝ հանուն մեր երկրի ու պետականության»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը: Լրագրողների հարցին, թե արդյոք եղե՞լ է կադրային ջարդ մարզպետարանի աշխատակիցների շրջանում, Կոտայքի մարզպետը պատասխանեց.«Մարզպետարանի 137 աշխատակիցներից միայն 10-15 պաշտոններում են փոփոխություններ եղել: Դրանք հայեցողական քաղաքական պաշտոններն են, որոնք բնական է, որ պետք է փոխվեին: Իհարկե, եղել են նաև ազատման դիմումներ քաղ. ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանցից, բայց ինձ համար դա հասկանալի է, քանի որ մարդիկ իրենց չեն տեսնում նոր իրողություններում նոր թիմի հետ աշխատելիս»: Մարզում այս պահին իրականացվում են մանկապարտեզների, դպրոցների, մշակույթի կենտրոնների վերանորոգման, տանիքապատման աշխատանքներ, կառուցվելու են նոր 2 դպրոցներ Կամարիս և Նոր Գյուղ համայնքներում, նախատեսվում են մանր և խոշոր ներդրումներ: Շուտով Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում մոտ 200 մլն դոլարի ներդրումներով կհիմնվեն 60 հողմակայաններ՝ ընդհանուր մոտ 180 մգվ հզորությամբ: Ռոևանոս Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ իրականացվել են նաև սոցիալական ծրագրեր և աշխատանքներ, որոնք բացառապես բարի կամք էին պահանջում՝ առանց ներդրումների, ծախսերի և լրացուցիչ միջոցների: Դրանցից են Երևան-Սևան մայրուղու բարդիների չորուկների սանիտարական էտի արդյունքում հավաքագրված վառելանյութի հատկացումը սոցիալապես անապահով ընտանիքներին և մոտ 4000 տոննա ֆրեզով մի շարք համայնքներում ճանապարհների բարեկարգումը: Կոտայքի մարզպետն արձանագրեց նաև այն ձեռքբերումները, որոնք տեսանլի են հենց այս պահին. Հրազդանի «Եղևնիների պուրակ» անվամբ հայտնի քաղաքային զբոսայգին վերադարձվել է համայնքին, մարզի 90 դպրոցներից 87-ում իրականացվում է «Տաք սննդի» ծրագիրը, քաղաքացու ձայնը լսելի է, բարձրաձայնված խնդիրները լուծվում են և այլն: Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց մարզի 67 վարչական շրջաններից 59-ում անձամբ աշխատանքային այցեր ունենալու կարևորությունը, քանի որ սա լավագույն միջոցն է խնդիրները վեր հանելու և լուծման ուղիները հստակեցնելու համար: «Դեռ չեմ հասցրել լինել միայն մարզկենտրոնին մոտ մի քանի համայնքներում, որովհետև այցերս սկսել եմ լեռնային, հեռավոր համայնքներից, որոնցից որոշներում երբևէ ոչ մի պաշտնյա անգամ չէր եղել: Ես բոլորին ականջալուր եմ, բոլոր խնդիրները լուծելի են՝ անկախ դրանց համար պահանջվող ժամանակից ու ռեսուրսներից»,- ասաց Կոտայքի մարզպետը:

Նմանատիպ նյութեր