211652_close_icon
views-count2511 դիտում article-date 13:23 14-09-2018

Արա Բաբլոյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունում ներկա է գտնվել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի այցի եւ Հայաստանում ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի անցկացման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Ողջունելով ներկաներին` Ազգային ժողովի նախագահն իր ելույթում անդրադարձել է երկու երկրների միջխորհրդարանական, միջպետական ջերմ հարաբերություններին` գոհունակությամբ ընդգծելով, որ դրանք գտնվում են ամուր հիմքերի վրա: Արա Բաբլոյանի խոսքով` դրա վառ վկայությունն այն է, որ վերջին մեկ տարում երկու անգամ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերը, Ֆրանսիայի Հանրապետություն է այցելել ՀՀ նախագահը, այժմ Ֆրանսիայում է Հայաստանի վարչապետը, իսկ արդեն այս տարվա հոկտեմբերին Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահը: «Հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որի նախագահությունը երկու տարով ստանձնելու է Հայաստանը. անշուշտ այս ամենը փաստում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի արժեքների ամրապնդման մասին»,- նշել է Արա Բաբլոյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերից բացի խոսել է նաեւ հայ-ֆրանսիական տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների մասին: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում կհաջողվի վերականգնել նախկին բարձր ցուցանիշներն ու ապահովել դրանց հետագա աճը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերություններն ու բիզնես կապերը միշտ պետք է կողմերի ուշադրության կենտրոնում լինեն, իսկ խորհրդարանականներն էլ իրենց ներդրումը պետք է ունենան այդ կապերի զարգացման գործում: Ավարտելով ելույթը` Ազգային ժողովի նախագահը ողջունել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի Հայաստանում անցկացումը եւ վստահություն հայտնել, որ այդ իրադարձությամբ էլ ավելի կամրապնդվեն ֆրանկոֆոն երկրների հետ Հայաստանի կապերը:

Նմանատիպ նյութեր