211652_close_icon
views-count4589 դիտում article-date 13:30 13-09-2018

Սեպտեմբերի 6-12-ը ՀՀ տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել. ԱԻՆ

Սեպտեմբերի 6-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից: Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է երկու երկրաշարժ: Սեպտեմբերի 9-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքից 21 կմ հարավ-արևելք: Հաջորդ օրը Թուրքիայի Վան քաղաքից 56 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է վեց երկրաշարժ, որոնք տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսի ավազանում: Սեպտեմբերի 6-ին 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիջի կղզում` Սուվա քաղաքից 102 կմ դեպի արևելք, որին հետևել է 5 և ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Հաջորդ երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին Էկվադորում՝ Ալաուսի քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որն ունեցել է 6.2 մագնիտուդ: Սեպտեմբերի 8-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում, Մաթի քաղաքից 48 կմ հյուսիս-արևելք: Եվս երեք երկրաշարժ է գրանցվել սեպտեմբերի 9-ից 10-ը: Սեպտեմբերի 9-ին՝ 6.5, իսկ 10-ին՝ 6.9 և 6.3 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Սողոմոնյան, Կերմադեկ և Լոյալթի կղզիների ափամերձ տարածքներում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Շաբաթվա ընթացքում՝ տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երկու երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Սեպտեմբերի 7-ին 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Իրանի տարածքում, Բամ քաղաքից 138 կմ դեպի հարավ-արևելք։ Ստորգետնյա ցնցման հետևանքով զոհվել է մեկ և վնասվածքներ ստացել 2 մարդ: Սեպտեմբերի 8-ին 5.6 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Չինաստանի Յուննան նահանգում, Ջինգհոնգ քաղաքից 172 կմ դեպի հարավ-արևելք։ Ստորգետնյա ցնցման հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ավելի քան 27 մարդ: Երկրաշարժին հետևել է ավելի քան 50 հետցնցում, որից մեկը գերազանցել է 5.0 մագնիտուդը: Ստորգետնյա ցնցումները զգացվել են 15 բնակավայրերում: Տարհանել են ավելի քան 5000 մարդ:

Նմանատիպ նյութեր