211652_close_icon
views-count3710 դիտում article-date 15:43 12-09-2018

ՀՀ կենտրոնական բանկի ու Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության հանձնաժողովի նախագահ, Չինաստանի ժողովրդական բանկի նախագահի տեղակալ Գու Շուքինգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ նախագահը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը հրամայական է դարձրել ֆինանսական վերահսկողների միջև արդյունավետ երկխոսությունը և գործակցությունը: Նա գոհունակությամբ փաստել է երկու երկրների ֆինանսական համակարգի կարգավորողների միջև արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակում, այնպես էլ երկկողմ համագործակցության բնագավառում, ինչի վկայությունն է 2015 թ. ստորագրված ազգային արժույթներով արտարժութային ՍՎՈՓ գործարքների իրականացման վերաբերյալ կնքված համաձայնագիրը: Նա շեշտել է, որ կառույցների միջև ճիշտ համագործակցությունը և հաղորդակցումը նպաստում են ֆինանսական ոլորտում ռիսկերի կառավարման գործուն համակարգերի ձևավորմանը ու հստակ վերահսկողական չափանիշների մշակմանը: Հանդիպման արդյունքներով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միջև, որը նշանավորում է երկու կառույցների միջև ֆորմալ վերահսկողական հարաբերությունների հաստատումը: Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովը Չինաստանի Պետական խորհրդի կողմից ստեղծված կառույց է, որը պատասխանատու է բանկային և ապահովագրական կազմակերպությունների գործունեության վերահսկողության համար: Հանձնաժողովը ստեղծվել է 2018 թ-ին Չինաստանի բանկային համակարգի կարգավորման հանձնաժողովի և Չինաստանի ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միաձուլմամբ:

Նմանատիպ նյութեր