211652_close_icon
views-count28627 դիտում article-date 21:52 11-09-2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ

Ինչպես հայտնի է, այսօր, սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1-ի» գործին վերաբերող հարցերի, մասնավորա­պես` ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ: Այս զրույցների մանրամասները հայտնի են բոլորին և կարիք չկա վերաշարադրել դրանք: Հեռախոսազրույցների բովանդակությունը գալիս է փաստելու մի քանի կարևոր հանգամանք, որի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք: Դրանք են. - Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը սրանում կասկածի տեղ չի թողնում: - Դատելով ձայնագրությունից, ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել «Մարտի 1-ի» գործը և գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել /զրուցակիցների բառապաշարով` «փակել»/ նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է: - Առաջին ատյանի դատավորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնվել է իշխանական բիրտ ճնշման ներքո և իրեն վերևից թելադրված «դուխով» ապօրինի որոշում է կայացրել: - ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. նախ` ՀՔԾ պետն է համաձայնեցրել /կալանք/, իսկ այնուհետ` ԱԱԾ պետը /գրավ/: Կատարվածը հանցագործություն է` բարձրաստիճան պաշտոնյաների մասնակ­ցու­­թյամբ: Հեռախոսազրույցների հրապարակմանը հետևած ՀՀ վարչապետի, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսում արված հայտարարություն­ները, մեծապես ոչ այլ ինչ են, քան անհաջող արդարացումներ: Հեռախոսազրույցների խայտառակ բովանդակու­թյու­նը մեկնաբանությունների կարիք չունի, ու զրույցներն այն մասին, թե «չար ուժերը» փորձում են նման ձայնագրություններ տարածելով խոչընդոտել «բարի ուժերի» հերոսական պայքարը կոռուպցիայի և հանցավորու­թյան դեմ, տվյալ համատեքստում պարզապես զավեշտալի են: Կարևոր է ընդգծել, որ այս հեռախոսազրույցները բացահայտում են ոչ միայն ինչ-որ մի կոնկրետ գործին առնչվող դրվագ, այլև գործող ռեժիմի բուն էությունը, օրվա իշխանության իրական դեմքը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո գոռում-գոչում են սիրո և հանդուրժողա­կանության ու արդարադատության մեջ չմիջամտելու մասին, անում են ճիշտ հակառակը` մոլորեցնելով ու խաբելով հասարակությանը: Մարդիկ, որոնք առավո­տից երեկո խոսում են ժողովրդավարու­թյան մասին ամենակոպիտ ձևով ճնշում են ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները: Հարկ ենք համարում ընդգծել նաև հետևյալը: Վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ելույթներից պարզ է դառնում. տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարավոր չէ կալանավորել և հետապնդման ենթարկել նախագահ Քոչարյանին` հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպես նաև համոզվելով, որ ապօրինի հարստացման և առասպելական ունեցվածքի մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, իշխանությունները նոր միջոցի են դիմում` հայտարարելով, թե Քոչարյանների ընտանիքը փողերի լվացմամբ է զբաղվել: Թե ինչ արժեն այս հայտարարությունները, որ արված են հայտնի հեռախոսազրույցների մասնակիցների կողմից` առաջարկում ենք որոշի հանրությունը: Սակայն ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են և նոր շրջան են մտնում: Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կեր­պով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչա­կան շղարշը և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերած­վի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից` բոլշևիզմի սկզբունքներով և ուր խրախուսվում են քաղաքա­կան ռեպրեսիա­ները: [b]ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ [/b]

Նմանատիպ նյութեր