211652_close_icon
views-count3079 դիտում article-date 12:49 11-09-2018

Իմ այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը. Միկաել Ժան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը վստահ է՝ մարդկությունը պետք է շարունակի ապրել խաղաղության և համերաշխության մեջ, բոլոր ժողովուրդները պետք է շարունակեն ապրել միասին: Այս մասին Ժանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 10-ին այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելող Միկաել Ժանը նշեց, որ իր այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը: «Ապրել միասին». սա հենց այն կարգախոսն է, որի ներքո Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Դրան մասնակցելու են ֆրանկոֆոն ընտանիքի անդամ երկրների ղեկավարները»,- նշեց Ժանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին նման կարգախոս ընտրելու համար: Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Միկաել Ժանը կիսվեց տպավորություններով՝ մեջբերելով ֆրանսիացի գրող և գրաքննադատ, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անատոլ Ֆրանսի խոսքերը. «Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնի»: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն առաջին անգամ Հայաստան է այցելել 2015 թվականին, երբ Հայաստանը հյուրընկալում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի և նախարարական խորհրդի նիստերը: Առաջին այցի ընթացքում տիկին Ժանը ծառ էր տնկել Ծիծեռնակաբերդի ծառուղում: Այս այցի շրջանակում նա չմոռացավ ջրել ավելի վաղ իր տնկած ծառը:

Նմանատիպ նյութեր