211652_close_icon
views-count1641 դիտում article-date 11:48 11-09-2018

ՄԻՊ աշխատակազմի և ԱԱԾ սահմանապահ զորքերի միջև գործում է տեղեկությունների արագ փոխանակման համակարգ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պաշտպանի աշխատակազմի և Սահմանապահ զորքերի միջև համագործակցության անհրաժեշտությունը: Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքներին առնչվող հարցերում սերտ համագործակցելու՝ Սահմանապահ զորքերի ղեկավարության հանձնառությունը: Քննարկվել են նաև ՀՀ պետական սահմանը հատող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, այդ թվում՝ կապված ապաստան հայցողների հետ: Այս կապակցությամբ ընդգծվել է կառույցների միջև տեղեկությունների արագ փոխանակման հարցում արդյունավետ փոխգործակցությունը: Այն իրականացվում է երկու կողմերից նշանակված հատուկ ներկայացուցիչների միջոցով: Մասնավորապես, հաստատված պրակտիկայի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվող համապատասխան ահազանգերի կապակցությամբ տեղի են ունենում արագ քննարկումներ՝ լուծումներ գտնելու նպատակով: Ներկայում Պաշտպանի աշխատակազմը և Սահմանապահ զորքերի ծառայողները սերտ համագործակցում են ՀՀ պետական սահմանի անցման կետերում տեղակայված՝ ապաստան հայցող անձանց հատուկ կացարանների պայմանների բարելավման գործում: Դրանց ուսումնասիրման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են այցեր, մասնակցում են համատեղ քննարկումների և դասընթացների: Հայաստանում ապաստան հայցող անձանց իրավունքների պահպանության տեսանկյունից Պաշտպանն անդրադարձել է նաև Սահմանապահ զորքերի պարբերական վերապատրաստումներին, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Նշենք, որ քննարկվող ոլորտում առկա խնդիրները և դրանց վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև երկու կառույցների համագործակցության ուղղությունները տեղ են գտել նաև «Հայաստանի Հանրապետությունում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում:

Նմանատիպ նյութեր