211652_close_icon
views-count1783 դիտում article-date 11:35 11-09-2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկել են հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին` ուղեկցությամբ ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձել է ՀԲԸՄ բազմաբնույթ ծրագրերին Հայաստանում և Սփյուռքի համայնքներում, ինչպես նաև Մայր Աթոռի հետ արդյունաշատ գործակցությանը: ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է ՀԲԸՄ կողմից աշխարհի տարբեր երկրներում հայապահպանությանը և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համահայկական մի շարք խնդիրների, ներառյալ Հայաստանում և Սփյուռքում Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին: Մասնավորապես խոսվել է Սփյուռքի համայնքների կյանքում հայոց լեզվի գործածության հետ կապված մարտահրավերների և հայ ինքնության պահպանման վրա դրանց ազդեցության մասին։ Կարևորվել է Եկեղեցու դերակատարությունը հատկապես երիտասարդ սերնդի՝ համայնքային կյանքում գործուն ներգրավման հարցում: Այս կապակցությամբ հատկապես ընդգծվել է ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ գործածությունը Հայաստանում և Սփյուռքի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության իրականացման գործում: Տիար Պերճ Սեդրակյանը Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում մոտ օրերս բացվելիք «Հայաստան» ցուցահանդեսի մասին, որտեղ ցուցադրվելու են Հայոց Եկեղեցու կողմից դարերով պահպանված` 4-ից 18-րդ դարերի հոգևոր-մշակութային գանձեր և սրբություններ: Գարեգին Բ Վեհափառն անդրադարձել է ցուցահանդեսի բացառիկությանը` ընդգծելով, որ այն հպարտությամբ կլցնի հայորդիների սրտերը և աշխարհին հերթական անգամ կվկայի համաշխարհային հոգևոր-մշակութային ժառանգության մեջ հայ ժողովրդի յուրահատուկ ներդրման մասին: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է բերել Պերճ Սեդրակյանին ու Վազգեն Յակուբյանին Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ՀԲԸՄ-ի շարունակական աջակցության համար։

Նմանատիպ նյութեր