211652_close_icon
views-count6056 դիտում article-date 19:02 08-09-2018

Նիկոլ Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունները երբեք նույնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր։ Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում: «Կարծում եմ՝ բոլորդ էլ գիտեք, որ վերջին 1-1.5 ամսվա ընթացքում և հայկական, և ռուսական մամուլում, և միջազգային մամուլում խոսվում է հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի մասին: Ես կարող եմ հիմա ինձ թույլ տալ հայտարարել, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն որևէ ճգնաժամ չկա, այլ, թույլ տվեք հավակնոտ հայտարարություն անել և ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր»,- հայտարարեց վարչապետը: Փաշինյանը հիշեցրեց, որ մինչ սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահի հետ կայացած հանդիպումը իրենց վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով: «Մենք այսօր քննարկեցինք դրանից հետո տեղի ունեցած բոլոր այն իրադարձությունները, որոնք արժանի են քննարկման: Ես ուրախ եմ արձանագրել, որ այդ բոլոր քննարկումներում ընդհանրացրել ենք մեր պատկերացումները և եկել ընդհանուր հայտարարի»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր