211652_close_icon
views-count20096 դիտում article-date 23:14 08-09-2018

Հոլանդիայից արտաքսման ենթակա հայ երեխաները կրկին թաքնվել են

Հայազգի քույր և եղբայր, 12 և 13 տարեկան Լիլին և Հովիկը, ում սեպտեմբերի 9-ին Նիդերլանդներից պետք է արտաքսեին Հայաստան, կրկին թաքնվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նիդերլանդների կառավարության մամուլի խոսնակը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի Նիդերլանդների գրասենյակը: Արդարադատության նախարարության խոսնակ Մարտին Մոլենբիկը սեպտեմբերի 8-ին հաղորդել է, որ անչափահաս երեխաները, որոնք նույնականացվել են միայն որպես Լիլի և Հովիկ, լքել են խնամատար տունը, որտեղ նրանք մնացել էին գիշերն այն բանից հետո, երբ Ամստերդամի դատարանը մերժել էր նրանց վերջնական հայտը՝ կասեցնելու իրենց արտաքսումն ու թաքնվել: Մանրամասների համար «Արմենպրեսը» փորձեց կապ հաստատել Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատան հետ, սակայն զանգերին չպատասխանեցին: Հիշեցնենք, որ երեխաները Նիդերլանդներ էին գնացել իրենց մոր՝ Արմինե Համբարձումյանի հետ 2008-ին Ռուսաստանից: Նրանք Նիդերլանդներից ապաստան են խնդրել, որի պատասխանը ստացել են 9 տարի անց միայն՝ 2017թ.-ին: Պատասխանը բացասական է եղել և նրանց Հայաստան արտաքսելու մասին որոշում է կայացվել: Արմինե Համբարձումյանն արտաքսվել է 2017-ին, սակայն երեխաները մնացել էին Նիդերլանդներում, քանի որ իշխանությունները նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն ունեցել, իսկ մայրը թաքցրել է երեխաների գտնվելու վայրը: 2018թ. սեպտեմբերի 3-ին երեխաները դուրս են եկել թաքստոցից: Երեխաները երբեք Հայաստանում չեն եղել և չեն խոսում հայերեն: Նրանց դատապաշտպանը վիճարկել է, որ երեխաների մայրը ի վիճակի չէ նրանց մասին հոգ տանել պատշաճ կերպով: Խնդրին անդրադարձել էր նաև Նիդերլանդների արքայադուստր Լաուրենտինը: Նա երկրի կառավարությանը կոչ էր արել թույլ տալ երեխաներին մնալ: Չնայած բոլոր արձագանքներին՝ երեխաները Հայաստան պիտի արտաքսվեին սեպտեմբերի 8-ին:

Նմանատիպ նյութեր