211652_close_icon
views-count4147 դիտում article-date 19:09 04-09-2018

Արցախի պետնախարարը ծանոթացել է անձնագրային և վիզաների վարչության աշխատանքներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 4-ին այցելել է ԱՀ ոստիկանություն և ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանի ուղեկցությամբ ծանոթացել անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծված պայմաններին և գործունեությանը: Պետական նախարարը ծանոթացել է անձնագրերի, վիզաների և նույնականացման քարտերի տրամադրման աշխատանքներին, զրուցել ծառայողների և վարչություն այցելած քաղաքացիներ հետ: Ոլորտի պատասխանատուները Գ. Մարտիրոսյանին զեկուցել են բարեփոխումների մասին: Նշվել է, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում էապես բարձրացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և փաստաթղթերի ձևակերպման համար ծախսվող ժամանակը: Պետնախարարը ողջունել է մեկ պատուհանի սկզբունքով իրականացվող աշխատանքը՝ կարևորելով քաղաքացիների՝ արդյունավետ և թափանցիկ պայմաններով սպասարկման իրականացումը: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ հատկապես հանգստի շրջանում ցանկալի է սպասարկումն իրականացնել ամենօրյա ռեժիմով, որպեսզի քաղաքացիների համար որևէ դժվարություն չստեղծվի: Այցի ընթացքում Գ. Մարտիրոսյանը շրջայց է կատարել նաև ոստիկանության ծառայության այլ ստորաբաժանումներում, ծանոթացել կատարվող աշխատանքներին: Շնորհակալություն հայտնելով այցի և ստեղծված սերտ փոխգործակցության համար՝ հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը պետնախարարին հայտնել է, որ արված նկատառումներն անպայման հաշվի կառնվեն: Այցի ավարտին պետնախարարը մեկ անգամ ևս կարևորել է ոստիկանության դերը հանրապետությունում հասարակական կարգի պահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղություններով:

Նմանատիպ նյութեր