211652_close_icon
views-count13935 դիտում article-date 23:01 31-08-2018

Եվրոպական Startup Wise Guys-ի տնօրենը Երեւանում ընտրեց հայկական ստարտափ թիմերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Եվրոպայում հայտնի Startup Wise Guys աքսելերատորի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն մեկ օրով Հայաստանում էր։ Իսպանացի ներդրող-փորձագետը շուրջ 15 ստարտափ թիմերի հետ հանդիպեց GlobalAM ՀԿ-ում, որն աջակցում է ստարտափներին դուրս գալ միջազգային շուկա։ Ալոնսոյի այցի նպատակն էր՝ ընտրել B2B SaaS ու FinTech ուղղվածություն ունեցող հեռանկարային հայկական ստարտափների՝ առաջիկա միջազգային ծրագրերին մասնակցելու համար: Քրիստոբալը լսեց ստարտափերների ելույթները, ինչպես նաեւ թիմերի հետ առանձնազրույցներ ունեցավ իրեն հետաքրքրող հարցերի շուրջ։ Մասնավորապես նրան հետաքրքրում էր՝ ստարտափ թիմն ինչպե՞ս է առաջին 60 վաճառքն անելու, առաջիկա 18 ամսում որքա՞ն գումար կարող են աշխատել, ովքե՞ր են թիրախային հաճախորդները, ի՞նչ ոլորտի մասնագետներ են թիմում ընդգրկված, ի՞նչ կլինի, եթե չկարողանան գումար աշխատել եւ նմանատիպ այլ հարցեր։ 2012-ին Էստոնիայում հիմնադրված աքսելերատորը ներդրումներ է արել 35 երկրի 100-ից ավելի ստարտափներում։ B2B ստարտափների հետ աշխատող առաջին եվրոպական աքսելերատորը 3-ամսյա մենթորային ծրագիր է, որի ընթացքում թիմերը ստանում են 30.000 եվրո կանխիկ ֆինանսավորում, գծագրում են նորարար բիզնեսի ռազմավարական քայլերը, սովորում են ճիշտ ներկայացնել եւ վաճառել իրենց պրոդուկտը կամ ծառայությունը, նաեւ ստանում են մենթորների խորհրդատվություն, աշխատանքային հարմարավետ տարածք, արդյունքում էլ՝ դուրս են գալիս միջազգային գլոբալ շուկա։ Startup Wise Guys-ի տնօրենի խոսքով՝ Հայաստանից դիմումների քանակը գերազանցել է իր սպասելիքները։ Նախապես հայտ է ներկայացրել 40 հայկական ստարտափ, որից 12-ի հետ հարցազրույցներ անցկացրեց Երեւանում, մյուսների հետ առցանց աշխատում է մեծ թիմը. «Հայ թիմերը տաղանդավոր ու պատրաստված են, այդ պատճառով էլ ցանկանում ենք նոր գաղափարներով թիմերի հետ աշխատել։ Ընտրությունը կատարում եմ, հաշվի առնելով մի քանի գործոններ. Առաջինը ստարտափը պետք է պարզ ու հասկանալի ներկայացնի իր արտադրանքը, երկրորդ՝ կարողանա ճիշտ հասկանալ թիրախային հաճախորդներին եւ շուկան, ամենակարեւորը՝ ինքնատիպ պրոդուկտ առաջարկի եւ լավ թիմ ունենա, որովհետեւ մեր որոշումը կախված է թիմի կայունությունից, նույնիսկ եթե նրանց արտադրանքն աշխարհում լավագույնը չէ»։ GlobalAM-ի գրասենյակում միջոցառմանը մասնակցում էին eSwap, CodeTrace, Digital Bridge, ADV portal, GenKey Systems, BacktoCard, Tap Tap, Rendline, noomee, Innosoft, PayVa, Breedge, BranchMed, ForestBerg եւ այլ ստարտափները։ Ալոնսոն վեջնական որոշումը կկայացնի եւ հաղթող թիմի կամ թիմերի անունը կհայտարարի հաջորդ շաբաթ։ Հիշեցնենք, որ Հայաստանից նախկինում այս ծրագրի շրջանավարտ են դարձել Inapptics եւ Currencii ստարտափները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր