211652_close_icon
views-count4628 դիտում article-date 20:25 31-08-2018

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել իրանցի խորհրդարանականների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիիի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՏԶՆ նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, այլ պատասխանատուներ։ Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել դեսպանին հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու մեծ ներուժ կա ու իրանցի խորհրդարանականների հետ հանդիպումը հաստատապես նպաստելու է ոլորտում շատ հարցերի լուծմանը։ Հյուրերին նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռամազան Ալի Սոբհանիֆարը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, խոսել է իրանցի գործարարների համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի մասին։ Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, Մեղրու ազատ տնտեսական գոտու լիարժեք գործարկմանը, էներգետիկայի, զբոսաշրջության, բեռնափոխադրումների, ներդրումների խթանմանը և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են քննարկված հարցերը գործնականի վերածելու և հետևողական աշխատանքի պատրաստակամությունը։

Նմանատիպ նյութեր