211652_close_icon
views-count7272 դիտում article-date 15:58 30-08-2018

Լավաշն ու մուրաբան կուսակցության նշանով տոպրակի մեջ․ Կառավարությունը մտադիր է քրեականացնել ընտրակաշառքը

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ հիմնավորման՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (ՎԻՎՕ) 40.10-րդ հոդվածով նախատեսված արարքների քրեականացումը և դրանց համար համարժեք պատժի նախատեսումը, ինչպես նաև մի շարք այլ արարքների համար պատիժների խստացումը թույլ կտա ոչ միայն ապահովել պատժի համարժեքությունն արարքի հանրային վտանգավորությանը, այլև առավել արդյունավետորեն կանխարգելել նման արարքները: Բացի այդ, օրենսդրական առաջարկության ընդունմամբ ակնկալվում է, որ անբարեխիղճ թեկնածուները և կուսակցությունները կզրկվեն ընտրակաշառքի բաժանումը բարեգործության անվան տակ քողարկելու դեպքում առավել մեղմ, վարչական պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունից: Փոփոխությունների արդյունքում էականորեն կավելանան ընտրական տեղամասերում կարգուկանոնը, օրինականության մթնոլորտը: Ավելին՝ կստեղծվի հնարավորություն ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ քննության և մեղավորների պատասխանատվության կանչելու համար և այդ նպատակներին հնարավոր կլինի հասնել առավել սեղմ ժամկետում ու հանրային ռեսուրսների նվազագույն ծախսով: Փոփոխությունների փաթեթը հնարավորություն կտա էականորեն ավելացնել ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը և արմատապես նվազեցնել ընտրությունների ժամանակ հանցագործությունների ու հանցափորձերի թիվը՝ ընտրություններով սահմանադրական կարգի ձևավորումն էապես մոտեցնելով ժողովրդավարության չափանիշներին: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության կարևորությանը, նշել է. «Կարծում եմ՝ ոչ թե զգալիորեն առաջ ենք գնալու, այլ գնալու ենք մինչև այն տեղը, որտեղից առաջ գնալու տեղ էլ չկա, այսինքն՝ պետք է բացառենք նման երևույթները: Երևանի ավագանու ընտրությունները, իհարկե, այս առումով շատ կարևոր քննություն են մեզ համար, և պետք է այդ քննությունն ստանանք գերազանց»: Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ, մասնավորապես, առաջարկվում է քրեականացնել ՎԻՎՕ-ի 40.10-րդ հոդվածով նախատեսված արարքները՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլև ազատազրկումը՝ որոշակի ժամկետով: Նշված վարչական իրավախախտման քրեականացման հետ մեկտեղ առաջարկվում է հոդվածի դիսպոզիցիայում նախատեսել բացառություն, որի համաձայն՝ հանցագործության առարկա չեն համարվի կուսակցության անվանումը և (կամ) խորհրդանիշները կամ թեկնածուի անուն, ազգանունը և (կամ) պատկերը բովանդակող և որոշակի ողջամիտ չափը չգերազանցող արժեքով ապրանքները: Վերոնշյալի առնչությամբ վարչապետ Փաշինյանը, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, նշել է. «Ձեր ձևակերպման մեջ ասվում է, որ արգելվում է անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ բաժանելը, բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշը կամ թեկնածուի անուն-ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների: Մեր «պատմական» փորձը հաշվի առնելով՝ 3000 դրամը բավարար գումար է, ասենք, կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար, կամ պարկի մեջ 3000 դրամ դնելու և կուսակցության նշանով բաժանելու համար: Ձևակերպումը, համենայնդեպս, տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշվի այդ սահմանը: Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը, պարոն Զեյնալյան: Իմ կարծիքով՝ պետք է կոնկրետ նշվի՝ գրիչ, նախընտրական բուկլետ, գլխարկ, շապիկ և այլն, որովհետև այս ձևակերպումը ես մի քանի անգամ կարդացել եմ, և ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ այդ նույն տրամաբանությամբ այդ ապրանքները բաժանվեն»: Արծարծված խնդրի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ: Վարչապետը հանձնարարել է արդարադատության նախարարին՝ ևս մեկ անգամ աշխատանքային կարգով քննարկել ներկայացված մտահոգությունները: «Նախագիծն Ազգային ժողովում, հանձնաժողովում, լիագումար նիստում դեռ 2 ընթերցմամբ քննարկվելու է, և պետք է անել առավելագույնը, որ այն լինի հստակ, տարընթերցումների տեղիք չտվող և առանց անորոշությունների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր