211652_close_icon
views-count2899 դիտում article-date 23:54 29-08-2018

Արցախի Ազգային ժողովում ընդունել են Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման կազմով այցելությունները թույլ են տալու ընդլայնել Գերմանիայում և Եվրոպայում Արցախի բարեկամների շարքերը և նաև նոր հնարավորություններ են ստեղծելու, որպեսզի Արցախի մասին թե Եվրախորհրդարանում, թե իրենց ներկայացրած քաղաքական խմբերում ավելի տեղեկացված լինեն ու ավելի ճիշտ պատկերացում ունենան՝ Արցախում ապրող մարդկանց ցանկությունների մասին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանն ընդգծել է եվրոպական կառույցների հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների անցնելու անհրաժեշտությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Զոնեբորնը նշել է, որ իրենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կողմնակիցներ են և այդ առումով պատրաստ են աջակցել Արցախի ժողովրդին: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը: Նեղ կազմով հանդիպումից հետո, Եվրախորհրդարանի պատգամավորն իր գործընկերների հետ հանդիպել է «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամներին: Բացելով հանդիպումը՝ բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ նորաստեղծ այս համագործակցությունը երկարատև և արդյունավետ կլինի: Հանդիպման ընթացքում եվրոպացի խորհրդարանականները հետաքրքրվել են Արցախում արտաքին վտանգի պայմաններում ներքին հարցերի լուծման տարբերակների և արդյունքների մասին, ինչպես նաև քննարկել են Արցախում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանն ու խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր