211652_close_icon
views-count67750 դիտում article-date 18:46 28-08-2018

Արտակարգ վթար Արագածոտնի մարզում. բախվել են «06»-ն ու Opel-ը. վթարից հետո «06»-ի վարորդը մի իսկական շոու էր սարքել. պարզվեց, որ նա եղել է խմած, իսկ արդեն ոստիկանությունում դարձավ «խոնարհ հարս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 41.5 կմ հատվածում՝ Մուղնի թաղամասում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց, բախվել են Կարբի գյուղի բնակիչ՝ 39-ամյա Արթուր Մայիլյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 21 ND 111 համարանիշի և Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ՝ 64-ամյա Աղվան Գասպարյանի վարած Opel մակնիշի 50 FՍ 101 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գասպարյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Սուսաննա Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ու վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է գազատար խողովակի սյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում «06»-ի վարորդը վթարից հետո ցուցաբերում էր անհարգալից վերաբերմունք ոչ միայն քաղաքացիների, այլև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանների, իսկ հետո արդեն ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների նկատմամբ։ Նա հայհոյանքներ տալով սպառնում էր վթարի մյուս կողմում հայտնված վարորդին, իսկ հետո արդեն ոստիկանության ծառայողներին։ Գրեթե 1.5 ժամ ոստիկանները համոզում էին ինքնակոչ, իրեն «կինոյի տղու տեղը դրած» «06»-ի վարորդին, սակայն նա «երկու ոտքերը դրել էր մեկ զույգ կոշիկի մեջ» ու իրենն էր պնդում՝ ասելով, թե ինքը «ճշտով ապրող տղա է»։ Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց «ճտով ապրող տղուն» տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մինչ այդ նա ենթարկվեց սթափության փորձաքննության ու պարզվեց, որ «օրվա հերոսը» «06»-ը վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Խմածության աստիճանը ամենաբարձրն էր։ Տեղում հետանքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում աշխատանքները նույնպես «ճշտով տղեն» խոչընդոտում էր։ Սակայն երբ նրան տեղափոխեցին ոստիկանության Աշտարակի բաժին, նա դարձավ «խոնարհ հարս»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր